Ապրիլյանի մասնակիցներից մի քանիսն աշխատանքի կանցնեն մշակութային ժառանգության պահպանության ՊՈԱԿ-ում
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների շարքերն առաջիկայում կհամալրեն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մի քանիսը: ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տղաները Երևանում ու մարզերում «կզինվորագրվեն» մշակութային ժառանգության պահպանության գործին:
Նախաձեռնությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանինն է: Երիտասարդներին աջակցելու հարցերը նախապես քննարկվել են «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի հետ:
Ողջունելով երիտասարդներին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը նշել է, որ ակտիվություն է ակնկալում նրանցից: Նա խոսել է կազմակերպության գործառույթների, խնդիրների և հուշարձանի պահապանների պատասխանատվության մասին:
«Հուշարձանների պահապանները շրջայցերի ընթացքում երբեմն արձանագրում են ոչ միայն հուշարձանի պահպանվածությունը, այլև տարածքում առկա կենցաղային աղբի փաստը: Տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է հուշարձանի տարածքից աղբի մաքրումը: Այսինքն դուք պետք է համագործակցեք համայնքների ղեկավարների, մարզպետարանների հետ»,- իր խոսքում ասել է տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը։:
Ապրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն առաջարկել է զբոսաշրջության զրգացման ոլորտի ուսումնասիրություն և վերլուծություն կատարել:
«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի շրջանավարտը հրաշալի տիրապետում է ոլորտին: Նա խոստացել է այդ ուղղությամբ աշխատել:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության մյուս անդամների հետ հանդիպում կկայանա առաջիկայում: ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատրաստ է աջակցել նաև նրանց:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմը մեզ նաև առաջ շարժվելու մոտիվացիա տվեց. Հայկ Թորոսյան
- Երկարաձգվել է ապրիլյանի մասնակից ուսանողների վարձի փոխհատուցման փաստաթղթերի ընդունման ժամկետը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան