Ուսանողներն իրավունք ունեն ավելի որակյալ կրթություն պահանջել. նախարար
«Ուսանողներն իրավունք ունեն ավելի որակյալ կրթություն պահանջել: Ինձ համար, իբրև նախարար ամենակարևորն այդ հարցն է»,- այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ այսօր Գյումրիում մի խումբ ուսանողների հետ հանդիպմանը։
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ուսանողների բարձրացրած խնդիրները վերաբերել են կրթության որակին և բուհից հեռացված դասախոսների հետագա գործունեությանը:
«Դասախոսների հետ կապված երկու ճանապարհ կա՝ առաջին նրանք պետք է իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանեն դատական կարգով՝ ելնելով «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներից և երկրորդ, պետք է հասնել նրան, որ համալսարանի բոլոր դասախոսական պաշտոնների համար հայտարարվեն մրցույթներ: Ես կարծում եմ, որ ընտրված դասախոսը բուհում կարող է այլ, ավելի ապահով կարգավիճակ ունենալ, քան աշխատանքային պայմանագրով աշխատող դասախոսը: Սա մեզ համար սկզբունքային կարևոր մոտեցում է, որն ամրագրված է նաև Ազգային ժողովում այժմ քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Դասախոսի իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինելու համար՝ նա պետք է ընտրված լինի»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարի համոզմամբ՝ պայքարի օրինական ճանապարհներ միշտ կան և բուհական միջավայրում գիտանականի նկատմամբ հալածանքը կամ այդ կարգի այլ գործողություններն անթույլատրելի են:
«Մրցույթների համակարգի ներդրման դեպքում նույն դասախոսները կարող են դիմել, մասնակցել մրցույթին և վերականգնել իրենց աշխատանքը»,- համոզմունք է հայտնել Լևոն Մկրտչյանը:
Ի պատասխան լրագրողի՝ կրթության որակի անկման մասին հարցի, նախարարը նշել է. «Երբ մանկավարժական ինստիտուտ անվանումը փոխարինվում է համալսարան անունով և խոսքը վերաբերում է հանրապետության երկրորդ քաղաքին, մենք պարտավոր ենք խնդիրներին այլ մոտեցում ցուցաբերել: Այս դեպքում բնականաբար խոսքը սոսկ անվան փոփոխության մասին չէ, որովհետև փոխվում է նաև բուհի առաքելությունը: Շիրակի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողին մենք պետք է դիտարկենք ոչ միայն որպես ապագա պատմության ուսուցչի, այլ առաջին հերթին որպես պատմաբանի: Այս մոտեցումը ենթադրում է ծրագրային լուրջ փոփոխություն և այս հարցում Շիրակի պետական համալսարանին կարող է օգնել Երևանի պետական համալասարնի պատմության ֆակուլտետը: Այս համատեքստում դիտարկվելու է և կադրային բազան, և ծրագրային հագեցվածությունը»:
Լրագրողների հետ հանդիպումից հետո ԿԳ նախարարն ու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը հանդիպում են ունեցել նաև բուհի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ: Նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հորդորել է նրանց աշխատանքային խնդիրը կարգավորել իրավական ճանապարհով, ինչպես նաև մասնակցել առաջիկայում հայտարարվելիք թափուր տեղերի մրցույթներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները