Եթե Նախիջևանից հարձակում լինի, Հայաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը. Կիրո Մանոյան
Ադրբեջանը Նախիջևանը ռազմականացնում է Թուրքիայի հետ համատեղ։ Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա խոսքով՝ եթե Արցախի դեպքում Ադրբեջանը ցույց է տալիս, իբր թե Թուրքիայի մատը խառը չէ, ապա Նախիջևանի մասով ուղղակի համատեղ են աշխատում:
«Նախիջևանի ուղղությամբ պետք է ուշադիր լինել։ Ասում ենք՝ մենք ունենք այնպիսի զինամթերք կամ զինտեխնիկա, որ կարող է մինչև Բաքու հասնել, բայց Ադրբեջանը չունի։ Այո, Բաքուն չունի, բայց կարող է Նախիջևանից խփել: Թուրքիան և Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջևանը, վտանգը կարող է այնտեղից գալ կամ ոչ, այս դեպքում լրիվ այլ իրավիճակ կլինի»,- ասաց նա։
Մանոյանի խոսքով՝ եթե հարձակումն Արցախի վրա լինի, հարց է՝ Ռուսաստանը կարձագանքի՞, թե՞ ոչ, իսկ եթե Նախիջևանից լինի, ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը կմասնակցի, այլև Հայաստանն իր տարածքում գտնվող ամբողջ զինամթերքը, անկախ նրանից՝ ում վրա է դա գրանցված, կօգտագործի։
«Դա անկանխատեսելի հետևանք կունենա, որովհետև ոչ թե վիճելի տարածքի խնդրի շուրջ է, այլ Հայաստանի դեմ գործողություն։ Հայաստանի որևէ հատվածի դեմ գործողությունը նույն հետևանքը կունենա, բայց Նախիջևանի կողմում շատ ավելի վտանգավոր կլինի։ Սա չի նշանակում, որ իրենք շահած դուրս կգան, դա անկանխատեսելի հետևանք կունենա»,- նշեց նա։
Այս դեպքում, ըստ բանախոսի, Նախիջևանը «ոտքի տակ կգնա», կամ մենք կմտնենք այնտեղ, կամ Իրանը, Թուրքիան էլ փորձեր կանի։ Մանոյանը հույս հայտնեց, որ «այդքան խելք կունենան», բայց նշեց, որ դա չի նշանակում, թե պետք է հանգիստ քնել:
Հարակից հրապարակումներ`
- «Ռուս-թուրքական հարաբերությունները դեռ ռազմավարական չեն, բայց այդ ուղղությամբ են շարժվում»
- Պատերազմի վերսկսման դեպքում Նախիջևանից ճակատ չի բացվի. Շիրակ Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան