«Դասավանդի՛ր, Հայաստան». «Մի երկիր ունենք և միասին պետք է աշխատենք, որ նրա ապագան շատ լավը լինի»
Ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավարների և ծրագրի սփյուռքահայ և հայաստանցի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև իրանահայ դիրիժոր և երգահան Լորիս Ճգնավորյանի քույրերը՝ ավստրիահայ գործիչ Արշալույս և ԱՄՆ-ում բնակվող գործարար Իդա Փիրուզա Ճգնավորյանները:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Սիրելի երիտասարդներ, ուսուցիչներ, նվիրյալներ հայրենասերներ, ձեր աշխատանքը շատ կարևոր է, անգնահատելի է Հայաստան պետության զարգացման համար: Ուրախ եմ, որ համախմբվել եք կրթությունը բոլոր երեխաներին հասանելի դարձնելու, ձեր գիտելիքները փոխանցելու վեհ գաղափարի շուրջ: 21-րդ դարը գիտելիքի դար է: Հզոր են այն ազգերը, որոնք ավելի գրագետ են, զարգացած: Դուք ձեր գիտելիքները փոխանցում եք այն երեխաներին, ովքեր հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում են: Դուք վերցրել եք ազգի բեռը, երկրի ապագան կերտելու պատրաստակամությունը, և գործով ապացուցում եք ձեր հայրենասիրությունը և հայրենիքի զարգացման համար աշխատելու նվիրումը: Շնորհակալ եմ: Վստահ եմ, որ ձեզ նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը, Հայրենիք վերդառնալու, այստեղ ապրելու և աշխատելու Ձեր հաջողված փորձը հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար: Սփյուռքի նախարարությունը կարող է աջակցել ծրագրին՝ ավելի շատ սփյուռքահայ երիտասարդնել ներգրավելու գործում»:
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը շնորհակալության է հայտնել ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ նշելով, որ այդ խոսքերը կոգևորեն դժվարին պայմաններում աշխատող երիտասարդ ուսուցիչներին: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ. «Մենք մի երկիր ունենք և միասին պետք է աշխատենք, որ նրա ապագան շատ լավը լինի: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին իրագործելու՝ Հայրենիքին օգտակար լինելու, նրա վաղվա օրը կերտելու իրենց ծրագրերը», - հավելել է նա:
Հայաստան-Սփյուռք գործակցության, Հայաստանի կրթական համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարը Լարիսա Հովհաննիսյանին պարգևատրել է պատվոգրով:
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կրթական ծրագրին ակտիվ մասնակցության, դպրոցականների կրթադաստիարակչական գործում ունեցած հաջողությունների համար շնորհակալագրերի են արժանացել ծրագրի 50-ից ավելի մասնակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան