«Դեղատոմսով դեղերի դուրսգրումից դժգոհողները այդ բիզնեսով զբաղվողներն են»
Դեղերի՝ դեղատոմսերով դուրսգրման կարգի հաստատումը կարևոր քայլ էր առողջապահության ոլորտում։ Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ այդ կարգը չպահելով՝ մեր հասարակարգում մի մշակույթ էր առաջացել, որ մարդը կարող է ինքն առանց բժիշկի բուժվել։ Դա, ըստ Ոսկանյանի, բխում էր այն մարդկանց շահերից, ովքեր դեղորայքի առևտրով էին զբաղվում, և այսօր դժգոհողները նրանք են, ովքեր զբաղվում են այդ բիզնեսով:
«Դեղատոմսը եթե կա, մենք շատ հարցեր ենք լուծում, դեղատոմսի համար հիվանդը բժիշկի մոտ կգա, նա կլսի հիվանդին, նշանակում կանի, գուցե փոխի նշանակումը, այսինքն՝ հիվանդը բժիշկի հսկողության տակ կլինի: Բոլոր բժիշկները, որ ունեն դեղատոմս գրելու իրավունք, պիտի լինեն դեղատների ընդհանուր ցանցի մեջ, դա գուցե բարդացնում է, բայց կարգավորում է, դեղատոմսերը պետք են, դրա դեմ չպայքարելը թշնամություն է թե անձի՝ հիվանդի դեմ, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպության»,- ասաց նա։
Հանրային առողջության մասնագետ Արսեն Թորոսյանը նկատեց՝ այն, որ առողջապահության համակարգը իդեալական չէ, վստահ կարելի է ասել, բայց իր համար անհասկանալի է, որ քննադատության է արժանանում անգամ այն, երբ թեկուզ այդ վատ համակարգի մեջ ինչ-որ փոքրիկ, դրական փոփոխություններ են փորձում անել։ Նա նաև ընդգծեց՝ ցանկացած խնդրի դեպքում Առողջապահության նախարարությանը թիրախ դարձնելը ճիշտ չէ, քանի որ ոլորտի միակ պատասխանատուն նախարարությունը չէ։
«Աղմուկը եղավ՝ մենք դեմ չենք, որ պետք է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարել, ծխելու դեմ պայքարել, բայց այն, ինչ անում եք, սխալ է։ Իսկ թե ո՞րն է ճիշտը՝ չեն ասում: Եթե օրենքը շրջանցելու տեղեր կան, դա չի նշանակում, որ այդ օրենքը պետք է չլինի: Որոշումները փորձում են վերևից ներքև իջեցնել իմպերատիվ մեթոդներով, սակայն թեկուզ լավ բանը եթե ուժով պարտադրեն, չի ընդունվի»,- ասաց նա։ Ծխելու դեմ պայքարի հակազդեցության պատճառներին անդրադառնալով՝ Թորոսյանը նշեց, որ հանրության գիտակցության մեջ ծխելը դեռ չի համարվում վատ, առողջությանը վնասող, տգեղ երևույթ: Նա համոզմունք հայտնեց, որ պետք է միջավայրը փոխել՝ մանկապարտեզից սկսած:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի սիրտ-ախտորոշման բաժանմունքի ղեկավար, սրտաբան Տիգրան Աստվածատրյանը, խոսելով դեղերի՝ դեղատոմսով վաճառքի մասին, ասաց, որ չի կասկածում՝ օրենքն ընդունողը օդից չորոշեց, որ պետք է այն այսօր ընդունվի։ Ընդդիմախոսների հնչեցրած փաստարկներին, թե՝ համակարգը պատրաստ չէ, նա պատասխանեց, որ չկա երկիր, որտեղ համակարգը պատրաստ է եղել: «Յուրաքանչյուրս ինչ-որ նոր տեխնիկայի հետ աճում ենք, հասարակությունը կաճի, կհասնի դրան: Ես էլի վստահ եմ՝ օրենքը օդից չի վերցրած»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դեղատոմսի դուրսգրումն անվճար է. Սերգեյ Խաչատրյան
- «Դեղատոմսով դեղերի տրամադրման կարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»
- Սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց
- Ինչու նստելը մեկ է, իջնելը՝ երկու
- Դեղատոմսով դեղերի լեղի կողմերը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա