«Տարեկան մոտ 100 մլն մարդ աղքատանում է առողջապահական ծախսերի պատճառով»
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսն է «Առողջությունը բոլորի համար է»: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը Հանրային առողջության մասնագետ Արսեն Թորոսյանը նշեց, որ դեռ երկրագնդի բնակչության մոտ կեսը զրկված է լիարժեք առողջապահական ծառայություններ ստանալու իրավունքից, հնարավորությունից:
«Երբ ասում ենք առողջություն բոլորի համար, երկու հիմնական միտք կա՝ որ առողջապահական ծառայությունները չդառնան այնպիսի բեռ այդ ծառայությունը ստացողի վրա, որ նա այդ պատճառով աղքատանա: Տարեկան մոտ 100 մլն մարդ բառիս բուն իմաստով աղքատանում է առողջապահական ծախսերի պատճառով՝ տուն է վաճառում, պարտքերի տակ մնում, ունեցվածքը կորցնում: Երկրորդ խնդիրը աշխարհագրական հասանելիությունն է: Երկրներ կան՝ բժիշկ չկա կամ այնքան քիչ են, որ մարդիկ պիտի հարյուրավոր կիլոմետրեր գնան, որ բժիշկի հասնեն»,- ասաց նա:
Սրտաբան Տիգրան Աստվածատրյանն ընդգծեց՝ գեղեցկությունն ու առողջությունը փոխկապակցված են, առանց առողջության հնարավոր չէ գեղեցկություն ունենալ: Նա նշեց՝ ամեն անձ մեծ լումա ունի թե իր, թե շրջապատի առողջության վրա, պետք է ընտանիքում ստեղծել առողջ մթնոլորտ, օգտվել առողջ ապրելակերպ վարելու մասին բժիշկների խորհուրդներից, քանի որ շատերը լսում են, բայց քիչ մասն է դրանց ականջալուր լինում:
Սրտաբանի խոսքով՝ մարդիկ երբեմն անգամ ըմբռնումով են մոտենում այդ խորհուրդներին, սակայն չեն կատարում, իսկ դա ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդիրն է, այլև անձի: Աստվածատրյանն ասաց, որ ծանր աշխատանք է պայքարը թե ծխամոլության դեմ, թե ավելորդ քաշի, թե ֆիզիկական ակտիվության սահմանափակման դեմ: Նա նշեց՝ թեպետ վերջին տարիներին սպորտային համալիրներ են բացվում, քայլեր են կատարվում, վիճակը մի փոքր փոխվում է, բայց դեռևս մահացության տոկոսը և հիվանդացությունը շատ բարձր է՝ եվրոպական երկրների համեմատ:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց՝ խնդիր կա՝ սպառողին, ով որ կարիք ունի այդ առողջապահական ծառայությունը ստանալու, հասցնել մի պարզ ճշմարտություն, այն է՝ բացի բժիշկին այցելելուց պետք է նաև բժիշկի ասածները կատարել: Ոսկանյանի խոսքով՝ մեզանում արմատացած է համոզմունքը, որ հիվանդությունները, խնդիրները հարևանին վերաբերում են, բայց մեզ չեն վերաբերում, նույնը հաճախ ներշնչում ենք մեր երեխաներին:
Գլխավոր թոքաբանը նաև նշեց՝ պետք է լինի մոտիվացում, որ անձը ցանկանա հետևել իրեն, ավելի շատ պետք է ներկայացնել այն երկրները, այն հասարակարգը, որտեղ առողջության ավելի բարձր մակարդակ է: Երրորդ խնդիրն է՝ ուղղություն ցույց տալ, նպաստել, որպեսզի մարդիկ կարողանան իմանալ՝ ինչպես պետք է ապրեն:
Ոսկանյանը խորհուրդ տվեց հետևել «երկուս- մեկ- երկուս- մեկ- երկուս» բանաձևին, այն է՝ «2»` օրը երկու անգամ ֆիզիկական վարժություն պետք է անել՝ թեթև, տանը, բայց պետք է անել, հետո «1»` օրը մեկ անգամ՝ ճաշից հետո, գոնե տասնհինգ րոպես պետք է հանգստանալ, «2»` շաբաթը երկու անգամ անպայման պետք է այցելել մի ակումբ կամ այգի, որտեղ կարելի է թեթև վազել, գնալ լողի, «1»` շաբաթը մեկ անգամ նախընտրելի է այդ կլիմայական փոքր տարածքից դուրս գալ, գնալ քաղաքից դուրս, «2»՝ պարտադիր տարին երկու անգամ պետք է հանգիստ կազմակերպել արտերկրում կամ առողջարանում, որպեսզի լրիվ փոխվի կլիման:
Գլխավոր թոքաբանը առաջարկում է նաև ծով գնալու փոխարեն այցելել Աղի հանքի ստորգետնյա առողջարան, որը օրգանիզմի վրա ազդեցության առումով լրիվ փոխարինում է ծովափնյա հանգստին: