ԼՂ հարցում պրագմատիկ գաղափարների պակաս չկա, պետք է միայն դրանք թղթին հանձնել. Սերգեյ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարներին։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածքում իրենց ջանքերի առաջնահերթություններից մեկն է։
«Վերլուծաբանները ենթադրում են, որ 2011 թ.-ի Կազանյան գագաթնաժողովը կարող էր բեկումնային դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպե՚ս եք Դուք դրան վերաբերվում։ Ի՞նչը կարող է դառնալ ԼՂ խնդրի լուծման հարցում հաջողության երաշխիք» հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մեկտեղ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մասնակից է։
«Այդ կարգավիճակում մենք ինչպես կոլեկտիվ ջանքեր ենք ներդնում երկու այլ համանախագահների հետ, այնպես էլ փորձում ենք համանախագահների ընդհանուր գծին, ԼՂ հակամարտության հարցով ընդունված որոշումներին համահունչ՝ նաև սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ հաշվի առնելով մեր հատուկ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել է նա։
Լավրովը նշել է՝ աշխատանքը, որ տարվում էր մոտավորապես 2009-2011 թթ., իսկապես շատ ակտիվ է եղել. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են մոտ 10 անգամ։ Նրա խոսքով՝ հերթական հանդիպումը, որ նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքներ սպասել, քանի որ փաստաթղթերում, որոնք պատրաստել էր ռուսական կողմը՝ ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հաշվի էին առնված, ինչպես իրենց էր թվում, Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները՝ հավասարակշռված ձևով։
«Գագաթնաժողովի ընթացքում, սակայն, հայտնվեցին լրացուցիչ հարցեր և մեկնաբանություններ։ Այդպես լինում է։ Մենք դա հատուկ ողբերգություն չենք դարձնում։ Աշխատանքը կշարունակվի։ Համոզված եմ, որ շատ բան այն ամենից, ինչ պարունակում է այսպես կոչված «կազանյան փաստաթուղթը», նախկինի պես պահանջարկ ունի։ Դա հաստատվում է այդ պահից ի վեր նախագահների, նախարարների և պարբերաբար տարածաշրջան՝ Երևան, Բաքու և Ստեփանակերտ այցելող համանախագահների մակարդակով կայացած հանդիպումներին Երևանի և Բաքվի արձագանքով»,- ասել է նա։
Լավրովը կարծիք է հայտնել, որ այս ընթացքում մշակվածից ոչինչ չի կորել, թեպետ, իհարկե, այս ընթացքում հայտնվել են որոշ նոր գաղափարներ, որոնք համանախագահները հիմա առաջ են քաշում կողմերի հետ հանդիպումներին։ Նա ընդգծել է, որ պետք է հաղթահարել անվստահությունը, որը նախկինի պես դեռ երբեմն բանակցությունների ժամանակ արտահայտվում է, կարևոր է նաև կենտրոնանալ իրական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնց պակասը չկա։
«Ընդամենը պետք է դրանք թղթին հանձնել. կողմերը թեպետ կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, բայց երբ ամեն ինչ սկսում է կոնկրետ ձևակերպումներ ստանալ, ինչպես լինում է նաև այլ իրավիճակներում, արդեն բարդություններ են առաջանում։ Ես կարծում եմ՝ մենք կշարունակենք հետևողականորեն հաղթահարել դրանք և կհասնենք արդյունքի»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ռուսական հարաբերությունների վերջին տասնամյակն՝ ըստ Լավրովի
- ԵՄ-ն պետք է հրաժարվի հետխորհրդային երկրներին «կամ ԵՄ, կամ ՌԴ» կեղծ ընտրության առաջ կանգնեցնելուց. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան