Հակառակորդի կրակոցներից Բաղանիսում վնասվել են ընտանի կենդանիներ
Ապրիլի 8-ին 16:30-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ կրակել են «Ջրհովքեր» արոտավայրում արածող անասունների վրա:
«Գնդակոծությունը տևել է 5-7 րոպե: Արդունքում՝ մեկ կով սատկել է, 2 մոզի հարկադիր սպանդի է ենթարկվել, իսկ մեկական կով և մոզի վիրավորվել են, սակայն հարկադիր մորթի կարիք չկա»,-նշեց գյուղապետը։
Նարեկ Սահակյանի խոսքով՝ գյուղում այս պահին հանգիստ է, գյուղացիները զբաղված են իրենց ամենօրյա գործերով:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։