Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարվեց Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը:
ԱԺ հատուկ նիստը բացվեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքով: Նա տեղեկացրեց, որ հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր, քվորումն ապահովված է:
Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ բերվեցին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:
Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»:
Երդումից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված է շուրջ 1300 մարդ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ:
Նախագահի երդմնակալությունից հետո Հայաստանի կառավարությունը հրաժարական կներկայացնի։ Մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ, իսկ ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրությունը, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում
- ՀՀ նախագահի նստավայրից պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր
- Արմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան