Նորաշենում կանգնեցվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը
Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ վեր է խոյացել 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որը հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանի հիշատակը:
Գեղարքունից մարզպետարանից հայտնում են, որ հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երևան քաղաքի բնակիչ, նախկին զինվորական, Սահակյանների ընտանիքի մտերիմ, բարերար Գրիգոր Մադաթյանի անմիջական նախաձեռնությամբ և միջոցներով: Խաչի բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, որին մասնակցել են հերոսի ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, զինվորականներ, ԵԿՄ անդամներ, հյուրեր: Խաչը օրհնվել և օծվել է հոգևոր արարողությամբ, տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, ելույթ ունեցողները հնչեցրել են մեծարման ու հիշատակի խոսքեր, որոնք ուղեկցվել են գրական- երաժշտական կատարումներով:
2016 թվականի ապրիլի 1-ին Ադամը Ջաբրայիլի Լելե Թեփե բարձունքում հերոսաբար մարտնչել է իր յոթ հոգանոց խմբով՝ թշնամուն հասցնելով զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկ ջոկատային), կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով ԼՂՀ-ին արագ պարտության մատնելու ծրագիրը։ Ադամը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը անձնվիրաբար կատարելիս:
2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով:
Հարակից հրապարակումներ`
- Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան