ԵՄ-ն պետք է հրաժարվի հետխորհրդային երկրներին «կամ ԵՄ, կամ ՌԴ» կեղծ ընտրության առաջ կանգնեցնելուց. Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լավատեսորեն է տրամադրված Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հարաբերությունների ապագայի հարցում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպական միությունը պետք է հրաժարվի հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ «կամ ԵՄ, կամ Ռուսաստան» արատավոր տրամաբանությունից»,- ասել է նա:
Լավրովն ընդգծել է՝ չի կարելի երկրներին նման կեղծ ընտրության առաջ կանգնեցնել, քանի որ դա շատ քաղաքականացված մոտեցում է:
«Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ամենևին էլ անիմաստ չէ բոլոր ուղղություններով հարաբերություններ զարգացնել: Հակառակը, դա շահող և տվյալ երկրի համար ձեռնտու քաղաքականություն է»,- ասել է նա:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը ճիշտ ուղղությամբ արված քայլ է համարել նաև այն, որ Հայաստանը ԵՄ հետ այնպիսի հարաբերություններ է հաստատել, որոնք ներառում են այլ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի իրավունքների ու պարտավորությունների ճանաչումը:
«Անխոս, որպեսզի ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԵՄ «Արևելյան գործընկերություն» կոչված ծրագրի այլ մասնակիցների իրավունքները չխախտվեն, որպեսզի նրանց շահերին վնաս չհասցվի, կարևոր է, որ Եվրոպական միությունը հրաժարվի «կամ, կամ» արատավոր տրամաբանությունից, որն արդեն 2014 թ. հանգեցրել է Ուկրաինայում տեղի ունեցածին»,- ասել է Լավրովը:
Նա ընդգծել է՝ դա հավասարազոր է տվյալ ժողովրդին բոլոր հարևան երկրների հետ հարաբերությունները լիարժեք զարգացնելու հնարավորությունից զրկելուն:
ՌԴ ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Մոսկվան լավատեսորեն է նայում ԵՄ և ԵՏՄ հարաբերությունների ապագային: Նրա խոսքով՝ դեռ երեք տարի առաջ ԵՏՄ-ն Եվրոպական միությանը առաջարկել է շփում հաստատել, սակայն այն ժամանակ խիստ քաղաքականացված, գաղափարական պատճառներով ԵՄ-ն հնարավոր չհամարեց ԵՏՄ-ին լիիրավ գործընկեր ճանաչելը:
Լավրովը նշել է, որ այդ տրամադրվածությունը հայտնի չափով պահպանվում է մինչ օրս, սակայն Բրյուսելում հայտնվել են սթափ մտածող մարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան