Կաթողիկոսը քաջ առողջություն, արևշատ կյանք, հաջողություններ մաղթեց Արմեն Սարգսյանին
«Անկախ պետականությունը մեր ողջ ժողովրդի հպարտությունն ու արժանապատվությունն է, սպեղանին՝ մեր կորուստների ու վշտերի, վկայությունը՝ մեր վեր հառնումի: Զորեղ ու անկախ պետականություն կերտելու ճանապարհին մեր երկիրը, արդարև, վճռորոշ վերափոխումներ է ապրել, ձեռքբերումներ արձանագրել»,-ԱԺ հատուկ նիստում հայրապետական ելույթում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Դիմելով արդեն երդում տված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Կաթողիկոսը նշեց. «Մեր օհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային եկեղեցական մեր անդաստանում: Այսօր՝ երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը հայրենիքն ու մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման ու լուսավոր ապագայի համար:
Ձեր հարուստ կենսափորձը, հայրենիքում ու սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պիտի նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը նախագահի բարձր պատասխանատվության մեջ»:
Կաթողիկոսը քաջ առողջություն, արևշատ կյանք, հաջողություններ, նոր ձեռքբերումներ մաղթեց Արմեն Սարգսյանին: Ելույթն ավարտվեց տերունական աղոթքով:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը՝ Ուղիղ
- Քիչ անց Մարզահամերգային համալիրում կմերկնարկի ԱԺ հատուկ նիստը
- Անունը փոխելիս որ մարմնից պետք է սկսել գործընթացը