Համաձայնագիրը չեմ դիտարկի աշխատող, մինչև Եվրոպական խորհրդարանը չվավերացնի այն. Աշոտյան
«Հայաստան-ԵՄ համաձայնագրի նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնեն ԱԺ գրեթե բոլոր մշտական հանձնաժողովները»,- խորհրդարանում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նա շեշտեց, որ ԵՄ անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը նպաստելու գործը նաև ԱԺ-ինն է. «Ճիշտ չէ այդ գործը թողնել միայն ԱԳՆ-ի վրա այն իմաստով, որ այլ երկրների խորհրդարանները նաև մեր գործընկերներն են։ Մեր խորհրդարանն ունի այդ պոտենցիալը։ Կարծում եմ, լավ իմաստով, խորհրդարանական պրեսսինգը ոչ թե վերահսկելու, մուննաթ գալու, այլ օգնելու միասին աշխատելու տեսակետից կարևոր մեթոդաբանություն կլինի։ Խորհրդարանը նաև ունի լրացուցիչ պարտականություններ։ Խորհրդարանական հարթակը համաձայնագրի գործողությունների հանրայնացման լավագույն վայրն է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այստեղ անելիք ունեն նաև լրագրողները։
Աշոտյանի խոսքով՝ այս համաձայնագիրը չի ունենա ցանկալի փայլը, հմայքը, իրավական պարտադիր ուժը, մինչև չվավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից. «Շատ կարևոր եմ համարում չմտածել, որ համաձայնագրի անցումային դրույթները կարգավորում են դրա կիրառումը, և մենք կարող ենք միասին աշխատել արդեն ոլորտային համագործակցության վրա, որովհետև այնուհանդերձ քաղաքական գնահատականները որպեսզի դառնան իրավական պարտադիր ուժ ունեցող դիրքորոշումներ, պետք է վավերացման ենթարկվեն։ Հայաստանը պետք է ունենա ոչ միայն բարոյական, պատմական, այլ իրավական հիմք՝ պնդելու, որ նույն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանաձևը որևէ լավություն չէ Հայաստանին։ Ուզում եմ ֆիքսել, որ համաձայնագրում ԼՂ-ին վերաբերող բանաձևը ռևերանս չէ Հայաստանին, դա ընդամենը Եվրոպական հանրության կողմից սեփական սկզբունքներին և հետևողականությանը լինելու տուրք է առ այն, որ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելությունը առողջ կոմպրոմիս են միակ լեգիտիմ միջազգային ձևաչափի կողմից։ Ես պնդում եմ՝ համաձայնագիրը չեմ դիտարկի աշխատող, մինչև Եվրոպական խորհրդարանը չվավերացնի այն», - հայտարարեց Աշոտյանը։
Նա հավելեց, որ ցանկալի է, որ այդ գործընթացը տեղի ունենա մինչև գործող Եվրոպական խորհրդարանի պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2019-ի մայիս-հունիս։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով ենք, ԵՄ-ն շուտով ՀՀ-ին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը. Նազարյան
- Խորհրդարանի դերն ի՞նչ ծավալով է լինելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման գործում. Արման Սաղաթելյանը` Նազարյանին
- Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա. փոխարտգործնախարարի պաշտոնակատար
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին