Տղայա, իր գործն ա անում, թող շուխուռա անի էլի. Սեյրան Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Կարենը խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն մի բան գիտի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե որոշել են որպես երկրի առաջին դեմք առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Լրագրողի դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանին կանչեցին Հայաստան, նշանակեցին վարչապետ, բայց նա փաստորեն զրկվում է այս պաշտոնից, Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Իսկ դու ի՞նչ գիտես, որ սկզբից էլ պայմանավորված չեն եղել»:
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը կարող է փոխվարչապետի պաշտոնում էլ լավ աշխատել: «Ի՞նչ ա փոխվելու Կարեն Կարապետյանի կյանքում, նույն բանը չի՞: Դե տեսնում եք, որ հայ ազգի մեջ ըտենց լավ մարդիկ էլ կան, որ պաշտոնն իրենց պետք չի, կարևորն ազգի համար լավ բան անեն»,- ասաց նա:
Սեյրան Սարոյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի պայքարին՝ նշելով, որ ոչինչ էլ չի փոխվի, քանի որ ժողովրդին լավ է ճանաչում:
Դիտարկմանը, թե արդյոք հավանական չի համարում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է փակել ԱԺ մուտքերն, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորն ասաց. «Ո՞վ կարա փակի, էրեխեք մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը, տենց բան չի կարա լինի, ժողովուրդը չի հելնելու, ժողովրդին խաբել էլ չի լինում, ավելի շատ մարդկանց հետաքրքրում ա իր ապրելակերպը, իր անվտանգությունը։ Հերիք ա, էդ ժողովուրդը մեղք են։ Ասենք եկան փակեցին, ով ա վլաստի գալու, Նիկո՞լ»:
Միաժամանակ Սեյրան Սարոյանը նշեց, որ ինքը Փաշինյանի դեմ ոչինչ չունի. «Նորմալ տղայա, իր գործն ա անում, թող շուխուռա անի էլի, հիմա, որ մուզիկա եղնի, թմբուկ-մմբուկ չեղնի, կեղի՞ »:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նախկին խոստմանը, թե չի հավակնելու նախագահի ու վարչապետի պաշտոններին՝ պատգամավորն ասաց. «Էսի գողական ռազբորկա չէ, խաբելս ո՞րն ա: Քաղաքականություն ա փոխվել, տեսեք ամբողջ աշխարհում ինչ ա փոխվել: Երբ որ ժողովրդի պահանջ կա, կուսակցության պահանջ կա, բոլոր կուսակցականները կարան կուսակցության որոշումներին ենթարկվեն, Սերժ Սարգսյանը կարա չենթարկվի՞»:
Նրա խոսքով՝ ԱԺ մեծամասնությունը Հանրապետական է, իսկ այդ կուսակցությանը ժողովուրդն է ընտրել. «Դե թող գնային Նիկոլին ընտրեին։ Բոլորդ էլ ընտրության գնացել եք, որ էն խուցի մեջ ես մտնում՝ դու ու քո խիղճն եք, ոչ փողն ա խոսում, ոչ էլ բարեկամի ասածը։ Ժողովուրդը խելացի է, լավ գիտի՝ ում ընտրի։ Եթե կգա ժամանակ, որ զգան Նիկոլի կարիքը կա, կարող ա Նիկոլին ընտրեն, հիմա իր կարիքը չկա», - նշեց Սեյրան Սարոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որոշել ենք որպես առաջին դեմք առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Կարեն Կարապետյան
- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին