Ինչո՞ւ են հեռանում Դեբեդից. դեբեդցիների հոգսերն ու հույսերը
Լոռու մարզի Դեբեդ համայնքում գյուղացիների մեծ մասը գոյատևում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Շատերն են Դեբեդից աշխատանք գտնելու հույսով մեկնում Ռուսաստան, նրանց մի մասը վերադառնում է, մի մասն էլ փորձում է ընտանիքները տեղափոխել այնտեղ։ Թեև, ինչպես դեբեդցիներն են ասում՝ վերջին տարիներին հազվադեպ ընտանիքներն են հեռանում գյուղից, հեռանալուց էլ հիմնականում բնակություն են հաստատում Վանաձորում կամ Երևանում, սակայն դա ևս մտահոգում է գյուղացիներին։
Մարզկենտրոն Վանաձորից ընդամենը 25 կմ հեռավորության վրա է գտնվում Դեբեդ գյուղը, որն առաջին հերթին գյուղ այցելողներին հիացնում է իր չքնաղ բնությամբ։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, սակայն հողագործությունը, որը հիմնական եկամտաբեր ճյուղը պետք է լիներ, գյուղացիների համար խնդիր է դարձել, ոռոգման ջուր չլինելու հետևանքով հողերը մնում են անմշակ, ավելացրած նաև գյուղտեխնիկան. խորհրդային տարիներից մնացած գյուղտեխնիկան այլևս շահագործման ենթակա չէ։
Դեբեդցիներն ապրում են նույն դժվարություններով, ինչպես Հայաստանի գյուղական մյուս համայնքներում։ Գյուղն ապրում է իր առօրյայով, աշխատանքային եռուն շրջան է, Դեբեդում բնությունը զարթոնք է ապրում, իր գեղեցկությամբ գյուղը հիացնում է եկվորներին, իսկ գյուղացիներից շատերն ասում են, որ իրենք չեն հասցնում վայելել այդ գեղեցկությունը. գարունը չբացված մեկնում են, վերադառնում են՝ ձմռան շեմին։
Գյուղացիների խոսքով՝ գյուղատնտեսությամբ նրանք չեն կարողանում իրենց ամենօրյա կարիքները հոգալ, ցանկանում են գյուղում կամ հարևան գյուղերում որևէ արտադրամաս, ձեռնարկություն լինի, որ իրենք էլ ընդգրկվեն այդ աշխատանքներում։
27 ամյա Հարություն Ղազարյանը զբաղվում է անասնապահությամբ, նախկինում քարի արտադրամասում է աշխատել։ «Մի գործ ճարում աշխատում ենք, պարապ չենք մնում, բայց դրանով չես կարողանում ընտանիքդ այնպես պահել, ինչպես պետք է, վարձատրությունը քիչ է: Իհարկե Ռուսաստանում էլ այնպես չէ, որ նորմալ գումար ենք աշխատում: Գոնե միջակ աշխատավարձ լինի, չենք ասում հարուստ լինենք, բայց կարողանանք մինիմալ պահանջները բավարարել»,- նշում է Հարությունը:
Մասնագիտությամբ դեղագործ է, բայց կարծում է, որ գյուղում իր մասնագիտությամբ չի կարող աշխատել. «Մտածում եմ դեղատուն բացել, բայց եթե իմ հարևանը, գյուղացին գումար չունի, կամ նիսյայով պիտի դեղ առնի կամ էլ էդ մարդը ծայրահեղ դեպքում դեղ կգնի, այսինքն՝ շրջանառություն չկա, դեղատուն բացելու իմաստ չկա»:
Մայիսին կծնվի Հարությունի առաջնեկը։ Ինքն էլ մեծ ցանկություն ուներ արտերկիր մեկնել աշխատելու, սակայն հայրական զգացումը թույլ չի տալիս թողնել և օտար ճանապարհները բռնել։ Գուցեև կա ավելի առաջնայինը՝ գյուղը չթողնելը։ Հավանաբար, շատ-շատերը չեն ցանկանում մեկնել արտագնա աշխատանքի, սակայն անհրաժեշտությունը թելադրում է իր պահանջները։
«Եթե աշխատատեղեր բացվեն, որևէ մեկն իր տունը չի թողնի: Ավելի լավ է մեր գյուղում մնանք, քան էդ ռուսաստանները գնանք: Ոչ մեկին էլ հաճելի չէ իր ընտանիքը թողնի գնա: 100-150 հազար դրամ աշխատավարձ ստանանք, կկարողանանք յոլա գնալ: Շատ բան չենք ուզում՝ մնանք մեր տանը և կարողանանք ապահովել մեր ընտանիքի նվազագույն պահանջները»,- ասում է Հարությունը:
Նրա հորեղբոր տղան՝ Դավիթը շուտով մեկնելու է բանակ: Իսկ թե ինչ մասնագիտություն կընտրի՝ կորոշի բանակից վերադառնալուց հետո: Դավիթի ծնողները նույնպես աշխատանք չունեն, հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Մտածում է, որ շատերի նման ինքն էլ չի բռնի Ռուսաստանի ճանապարհը, հույս ունի, որ երկու տարի հետո գյուղում ինչ-որ բան կփոխվի:
57-ամյա Արծրուն Պետրոսյանն էլ մտածում է՝ ինչպես անել, որ որդիները չհեռանան գյուղից։ Աղջիկն արդեն ընտանիքով Ռուսաստանում է, տղան էլ ցանկություն ունի մեկնել արտագնա աշխատանքի: Ժամանակին ինքն էլ է գնացել, իսկ այսօր առողջական խնդիրները թույլ չեն տալիս:
«Հանապազօրյա հացը հազիվ ենք ստեղծում, չեմ ուզում դժգոհել, բայց շատ դժվար է: Մարդիկ մի անգամ են աշխարհ եկել, ուզում են մարդավայել ապրել, դրա համար գնում են դրսից գումար բերում: Այսինքն՝ լավ ապրելու համար պետք է մեկնել արտագնա աշխատանքի»,- նշում է Արծրունը:
Նրա տղաներից մեկը Վանաձորում տաքսի է քշում, հորն է օգնում, իսկ մյուս տղան նոր է վերադարձել բանակից և հիմա մտածում է երկրից դուրս աշխատանք փնտրելու մասին։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ տղաները վերադառնում են բանակից ու չեն իմանում ինչով զբաղվել»,- սրտնեղած ասում է Արծրունը:
Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրը աշխատանքն է, պետության ուշադրությունը դեպի գյուղը պետք է լինի:
«Մեր գյուղից լավ տեղ չկա, բայց եթե մարդը չի կարողանում իր հողը մշակի, բնական է, որ ապրելու համար պետք է այլ տարբերակներ մտածի: Գյուղտեխնիկա չկա, մեր հողերը բրախած են, անմշակ են: Սովետից մնացած տեխնիկայով 90-ականներին դեռ կարողանում էինք ինչ-որ բան անել, անձամբ ես լավ էլ բերք էի ստանում, 1 հա-ից 4-5 տոննա ցորեն, բայց հիմա տեխնիկան մաշվել է, բացի այդ, մարդիկ ցանելու, մշակելու համար հնարավորություն չունեն։ Պատճառը հենց դա է, որ ջահելները թողնում հեռանում են։ 20-30 տոկոսը գնում են, մենակ մեծերն են մնում, մեկ էլ՝ իմ նման առողջական խնդիրներ ունեցողները: Գյուղը ծերանում է, փակ դռները՝ շատանում, նոր ընտանիքներ քիչ են ծնվում։ Մի քիչ հուսադրողն այն է, որ վերջին տարիներին ավելի քիչ են ընտանիքներով գյուղից հեռանում»,- ասում է Արծրունն ու հավելում. «Առանց գյուղ չկա քաղաք, գյուղացին միշտ ստեղծել ու պահել է թե իրեն, թե քաղաքացուն: Դրա համար կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի, տեխնիկա հատկացնի, առանց տոկոսի վարկեր տրամադրի, որ գյուղացին կարողանա ստեղծի ու ստեղծածով էլ քաղաքացուն օգնի: Ու կարևորը գյուղը չդատարկվի»:
Իհարկե հոգսաշատ այս գյուղում մարդիկ նաև լավատեսությամբ են լցվել՝ պատճառը Դեբեդում վերջերս բացված «Սմարթ» կենտրոնն է, որը նորագույն տեխնոլոգիաների, օտար լեզուների, արհեստների, արվեստի տարբեր ճյուղեր ուսուցման իսկական կենտրոն կդառնա։
Դեբեդցիներին հրաժեշտ տվեցինք, երբ արդեն օրը թեքվում էր։ Անասելի գեղեցիկ էր բնությունը, մեր լուսանկարիչը հրապուրված այդ գեղեցկությամբ անընդհատ գործի էր դրել ֆոտոխցիկը՝ հավերժացնելու այդ անմեկնելի գեղեցկությունը։ Հուսով ենք, որ հաջորդ հանդիպման ժամանակ դեբեդցիների կյանքում դրական փոփոխություններ կլինեն, իսկ օտարություն մեկնողների թիվը՝ նվազած։
Նշենք, որ լրագրողների այցը Լոռու մարզ կազմակերպվել էր «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Բաղանիսի երեխաները միայն խաղաղության մասին են երազում ու ապրում խաղաղության երազանքով
- Մեկ օր սահմանամերձ Չորաթանում
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
- Ղարաքիլիսայի ծերացող Դարպասը՝ վարկերի մեջ. «Եղունգ ունես, գլուխդ քորի»
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա