Խորհրդարանի դերն ի՞նչ ծավալով է լինելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման գործում. Արման Սաղաթելյանը` Նազարյանին
«Մինչ համաձայնագրի ստորագրումն օպոնենտների կողմից դրված էր մի թեզ՝ թե հնարավոր չէ երբևէ համատեղել այդ երկու՝ Եմ և ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացները, բայց կյանքը ցույց տվեց, որ այն հիմնավոր էր, և այսօր մենք ունենք այս համաձայնագիրը»,- ԱԺ-ում այսօր «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը։
Դիմելով Արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին՝ պատգամավորն ասաց, որ ևս մեկ թեզ կա. «Ստորագրելը ստորագրեցին, բայց ո՞նց ենք կյանքի կոչելու։ Դա բնական է, քանի որ այն ինչ դեռ տեղի չի ունեցել, շատ հարցեր է առաջացնում, այդ հարցերն ինձ մոտ էլ կան, արդյոք մենք ունե՞նք բավարար ռեսուրս, հստակ գործիքակազմ, ժամանակացույց և գործողությունների պլան՝ նշված ժամկետների շրջանակում, պատշաճ եղանակով իրականացնել այս համաձայնագրի իմպլիմենտացիան, և այդ ամենում ինչպիսի՞ն է լինելու խորհրդարանի դերը»։
Կարեն Նազարյանը Արման Սաղաթելյանի բարձրացրած հարցը կարևորեց։
«Մենք այս մասին անշուշտ մտածել էինք նախապես, դրա վառ ապացույցն է ՀՀ նախագահի կողմից ավելի վաղ ստորագրված համապատասխան հրամանագիրը, որով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ կյանքի կոչելու համար այս համաձանագրից, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններից բխող դրույթները։ Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, արդեն իսկ սկսվել են աշխատանքները՝ ներգրավվելով շահագրգիռ բոլոր գերատեսչություններին։ Կարծում եմ՝ այդ հանձնաժողովի աշխատանքները կլինեն թափանցիկ։
Ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը, ապա նա նշեց, որ կգործի նաև գործընկերության խորհրդարանական կոմիտե. «Ասեմ ավելին` միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված է ԱԺ-ն: Կա նվազագույնը երկու հարթակ այդ վերահսկումն իրականացնելու համար: Հավելենք, որ լրացուցիչ լծակ է գործող հաշվետվողականության ինստիտուտը կառավարության և խորհրդարանի միջև, որտեղ պարբերաբար տեղեկացնելու ենք համաձայնագրի իրականացման փուլերի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա. փոխարտգործնախարարի պաշտոնակատար
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան