Արմեն Սարգսյանից մեծ սպասումներ ունենք, կարծում եմ՝ նոր շունչ կհաղորդի տնտեսությանը. Վազգեն Սաֆարյան
«Անկեղծ ասած, Արմեն Սարգսյանից մեծ սպասումներ ունենք և կարծում ենք, որ նա նոր շունչ կհաղորդի մեր տնտեսությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ նորանշանակ նախագահը զբաղվել է էլիտար բիզնեսով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտով, և հույս կա, որ այս ոլորտը ևս մեծ թափով կզարգանա Հայաստանում: Վազգեն Սաֆարյանը միաժամանակ նշեց, որ Արմեն Սարգսյանը ծանոթ է Մեծ Բրիտանիայի տնտեսության գործառույթներին: Այնտեղ, ըստ նրա, դինամիկ զարգանում է պետություն-մասնավոր գործընկերությունը:
«Անգլիայում ընկերությունների հիմնական միջոցները՝ 53 տոկոսը պետության սեփականությունն է, այսինքն՝ կա պետություն-մասնավոր համագործակցություն: Այնտեղ նաև ընդունված է, որ եթե մի ձեռնարկություն կամ մի ոլորտ վատ վիճակում է, ապա պետությունը բաժնետոմսեր է գնում, ներդրումներ է անում և երբ տվյալ ընկերության արդյունավետությունը բարձրանում է, նորից վաճառում է դրանք: Այսինքն՝ պետությունն ամեն ինչ անում է բիզնեսի համար»,- ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը:
Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը ևս պետք է գնա այդ քայլին, քանի որ այդպես հնարավոր կլինի տնտեսությունը զարգացնել:
Միաժամանակ նա նշեց, որ մինչ նախագահ ընտրվելը Արմեն Սարգսյանը հանդիպել է տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում բավականին մեծ ինֆորմացիա է ստացել: Ուստի, ըստ նրա, այդ հարցերն ունենալով իր օրակարգում՝ կփորձի դրանց ընթացք տալ կամ ավելի մեծ շփումներ ունենալով ապագա վարչապետի, նախարարների հետ, կկարողանա ինչ-որ չափով փոխել տնտեսական քաղաքականությունը:
«Ռուս վերլուծաբաններից մեկն անդրադառնալով Պուտինի վերընտրվելուն՝ ասել է, որ նրան տվել են ոչ թե վստահության, այլ զարգացման քվե, որպեսզի նա երկիրը զարգացման նոր ճանապարհով տանի: Հիմա ուզում եմ այս զուգահեռը տեղափոխել Հայաստանի իրականություն և ասել, որ նախագահը լավ տեղյակ է Հայաստանի տնտեսական վիճակին և կարող է իրավիճակ փոխել»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում արտագաղթը չի նվազում, գործազրկությունը չի մեղմվում, նախագահը դրանց մասին գիտի և քայլեր կձեռնարկեն, որպեսզի այդ կարևոր խնդիրները լուծվեն. «Ես ուզում եմ հավատալ, որ մենք տնտեսության քաղաքականությունը կփոխենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան