Մարաղայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր. Շուշան Պետրոսյան
Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը խոսեց 26 տարի առաջ այս օրը Մարաղա գյուղյում կատարված ողբերգությունից։
«26 տարի առաջ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Մարտակերտի շրջանի ամենամեծ գյուղերից մեկի՝ Մարաղայի վրա, առավոտյան ժամը 6-ին։ Մարաղայում սպանված հայերի թիվն այսօր տատանվում է 80-100-ի միջև, որոնց թվում 30-ը կանայք են եղել, ավելի քան 40-ը վիրավորվել են, 63-ը գերության են առնվել։ Մարաղայում տեղի ունեցածը ցեղասպանություն էր»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ադրբեջանցիները 20-րդ դարը սկսեցին և ավարտեցին ցեղասպանությամբ։
«Մարաղայի ողբերգությունն արցախահայի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների, էթնիկ զտումների համակարգված, հետևողական շղթայի հերթական մի օղակն է։ Մարաղայի ողբերգությունը մոռանալ չի կարելի։ Արցախյան ճակատամարտում իրավիճակը շարունակում է մնալ նույնը՝ լարված, այն պատճառով, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում հաշվի նստել իրականության հետ, չի հասկանում, որ Արցախը Հայաստան է, ու վերջ»,- եզրափակեց Շուշան Պետրոսյանը։