Փոխնախարար. Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են ընթանում
Արցախի մի քանի քաղաքներում՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում ճանապարհների բարեկարգման, ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս տարվա ծրագրում ընդգրկված են նաև Ամարաս, Գանձասար ու Շուշի տանող ճանապարհները: Շինարարությունն իրականացնում են արցախյան 3 խոշոր ընկերություններ, հումքն էլ արտադրվում է տեղում:
«Այս պահին կապիտալ նորոգվում է Ստեփանակերտի Գարեգին Նժդեհի անվան փողոցը: Վատ վիճակում էր: Մայրաքաղաքի Վաղարշյան թաղամասում էլ թիվ 10 դպրոցի հարակից ճանապարհներն են վերանորոգվում: Մարտունի քաղաքում 7-8 փողոց է վերանորոգվում»,-Panoarama.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Պավել Նաջարյանը:
Ստեփանակերտից Մարտակերտ տանող հիմնական ճանապարհին էլ շինարարներ են աշխատում: Ասֆալտապատում կիրականացնեն մինչև հասնեն ու հատվեն Մարտակերտ-Վարդենիս ճանապարհին:
«Հիմա հողային աշխատանքներ են կատարվում, եզրաքարերն են տեղադրվում, որոշ ժամանակ անց կսկսեն ասֆալտապատման աշխատանքները: Ավարտը նախատեսված է այս տարվա ընթացքում: Դրանից հետո կսկսեն Վարդենիսից դեպի Քարվաճառ տանող ճանապարհի շինարարությունը»,-ծրագրերը ներկայացրեց արցախցի պաշտոնյան:
Այս տարի էլ ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն արտաբյուջետային միջոցների հաշվին: Կառավարությունը նախատեսում ու ծրագրում է հաջորդ տարվա պետական բյուջեից ոլորտի համար հատկացումներ անել:
«Տարեցտարի այս ոլորտում ավելի շատ աշխատանքներ ենք իրականացնում, առկա է առաջընթաց, որը պետք է պահպանվի: Բացի փողոցներից, բարեկարգվում ու ասֆալտապատվում են հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհները» ,-ասաց Նաջարյանը:
Մարտունիի լուսանկարները՝ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման օբյեկտներ կկառուցվեն. նախարար
- Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունն ավարտական փուլում է