ԱԺ-ն քննարկում է «ՀՀ ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը
ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի հեղինակներն են Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հակոբ Բեգլարյանը, Կարինե Աճեմյանը, Ալիկ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը և Ռուզաննա Մուրադյանը:
«Առաջարկում է որոշման հավելվածի 88-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին»,- ներկայացրեց հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը։
Նա նշեց նաև, որ լսումներ հրավիրող ԱԺ նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող է նախապատրաստել իր հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաև լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահին իրազեկելով:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ նախագահության անունից առաջարկեց, որ լսումներ հրավիրողների ցանկում ավելացնել նաև ԱԺ փոխնախագահներին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկեց՝ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը ԱԺ կայքում տեղադրելու համար ժամկետ սահմանել:
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ առաջարկները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում։