Որևէ մեկը չի ուզում մեծածախի իրավունքները վերցնել ու տալ հիվանդանոցին. Բաբլոյան
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի շուրջ վեճը շատ կոնցեպտուալ է: Այս մասին այսօր ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով ընդգծեց, որ ելույթ է ունենում որպես պարզ պատգամավոր։
«Այստեղ քննարկելիս նախարարության ներկայացուցիչներն առաջարկում էին, որ հիվանդանոցները կարող են մեծածախ առևտրի լիցենզիա ձեռք բերեն և այդպես ներմուծեն դեղեր: Ես կոնցեպտուալ դեմ եմ դրան: Մենք չպետք է հիվանդանոցներին ուղղորդենք դեպի դեղերի առևտրի ոլորտ: Խոսքը չի վերաբերում նրան, որ հիվանդանոցին իրավունք տանք դեղ ներմուծել և վաճառել, ոչ, խոսքը միայն ներմուծելու իրավունքի մասին է»,-ասաց նա։
Բաբլոյանի խոսքով՝ փոքրիկ նյուանսներ կան, որոնք հաշվի առնված չեն։
«Փոքր պետություն, սպառումը փոքր և ցածր գին ունեցող դեղամիջոցը կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում մեծածախ լինցենզիա ունեցող ընկերությունների համար։ Երբ որ այդ դեղի կարիքն ունի ոչ թե 10 հազար մարդ, այլ՝ 500, պարզ է, որ դա իրենից կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում: Բայց ո՞վ է պատասխան տալու այն քաղաքացու կյանքի ու առողջության համար, ում կարող ենք կորցնել, եթե այդ դեղամիջոցը չլինի: Սա է այն հիմնական գաղափարը, որ դրված է օրենքի նախաձեռնության հիմքում»:
Անդրադառնալով դեղերի շուկայում մրցակցության խնդրին՝ Բաբլոյանն ասաց, որ եթե դեղերի առևտրով զբաղվող մի ընկերությունը մոնոպոլիստ է, կարող է կրկնակի գին դնել, բայց եթե հիվանդանոցը հնարավորություն ունի ներմուծել դեղեր, այդ կրկնակի գինը չի վճարի և հիվանդի վրա չի թանկանա ծառայությունը. «Եթե մեծածախը տեսնի, որ այս մրցակցությունը կա, ինքը խելամիտ գին կդնի, քանի որ ինքն ավելի մեծ քանակով է բերում, ավելի քիչ ծախս է անում ներմուծելիս: Այդ դեպքում արդեն անմիտ է, որ հիվանդանոցը ջանք թափի ու դրսից դեղ բերի, արդեն մեծածախից կգնի: Այսինքն, որևէ մեկը չի ուզում մեծածախի իրավունքները վերցնել ու տալ հիվանդանոցին, ոչ, հիվանդանոցը պետք է իր գործով՝ հիվանդի առողջությամբ զբաղվի»,-ասաց նա: