ԲՆ. Կովկասյան ընձառյուծը վերադարձել է Խոսրովի արգելոց
«Ֆանտաստիկ լավ լուր!!!!!!!Կովկասյան ընձառյուծը վերադարձել է Խոսրովի արգելոց»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:
Առաջին անգամ տեսախցիկները ֆիքսել են Լեոյի տեղաշարժը Խոսրովում: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում WWF-ի ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։
Կովկասյան տարածաշրջանը բազմաթիվ վտանգված կենդանատեսակների բնակավայր է, բայց թերևս դրանցից ամենագեղեցիկ, խորհրդանշական և վտանգվածը՝ կովկասյան ընձառյուծն է։ Ընձառյուծի պահպանությունը ներկայումս ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ էկոտարածաշրջանի ամենաբարդ բնապահպանական խնդիրներից մեկն է։ Այս կենդանատեսակը ներառված է ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Կովկասյան կամ Պարսկական ընձառյուծը (Pantera pardus tulliana) բնակվում է հանրապետության երեք հարավային մարզերում` Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք: Ավելի վաղ, ըստ գրական տվյալների, այն նկատվել է նաև երկրի հյուսիսում: Ընձառյուծը շատ ճկուն տեսակ է, և այն տարածված է ենթալպիական մարգագետիններից մինչև Արաքս գետի հովիտ: Ընձառյուծի համար ամենահարմարավետ ապրելավայրը գիհու նոսրանտառներն են` ժայռոտ ծածկերով, խորը կիրճերով և քարքարոտ լանջերով: Մարմնի երկարությունը կարող է հասնել 126-183 սմ, իսկ պոչի երկարությունը` 94-116 սմ: Հասուն արու առանձնյակի կշիռը երբեմն կարող է հասնել մինչև 90 կգ: Էգերը սովորաբար զիջում են արուներին իրենց մարմնի երկարությամբ և քաշով: Ընձառյուծները շատ ուշադիր են իրենց բնակության տարածքների ընտրության հարցում, և գերիշխող հասուն արու առանձնյակի տարածքը կարող է հասնել մինչև 15-30 000 հեկտարի:
Հասուն էգի տարածքը ձագերի հետ միասին կարող է հասնել մինչև 10 000 հեկտարի: Ընձառյուծն իր հետևից թողնում է բազմաթիվ նշաններ, այդ թվում փորվածքներ, քերծվածքներ: Բազմաթիվ փորվածքների առկայության դեպքում կարող ենք դատել նաև ապրելավայրի վիճակը և դրա կենսունակության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
- Հայաստանում առաջին անգամ նկարել են կովկասյան ընձառյուծի ձագին. WWF-Հայաստան
- ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ` ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ