Ո՞րն էր պատճառը, որ ներկա չէիք. Էնֆիաջյանը՝ Ալթունյանին
«Մենք ուզում էին համակողմանի ու բազմակողմանի քննարկում տեղի ունենար, ուզում էինք բոլոր կողմերի փաստացի կարծիքը լսեինք, բայց չկարողացանք ի վերջո այդ կարծիքները լսել»,- խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը առողջապահության նախարարության ներկայացուցիչների բացակայությանը։
«Մարտի 26-ին Ծառուկյան խմբակցության կողմից խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել դեղատոմսերի վերաբերյալ։ Հարգելի պարոն նախարարի պաշտոնակատար պարոն Ալթունյան, մենք քաջատեղյակ ենք, որ այդ ժամանակ դուք հիվանդ չեք եղել, գործուղման չեք եղել, ոլորտում արտառոց դեպք չէր գրանցվել, ո՞րն էր պատճառը, որ լսումներին ներկա չեք եղել և ո՞րն էր պատճառը, որ այսօր այս կարևորագույն օրենսդարական նախաձեռնության քննարկման ժամանակահատվածում պետական մարմնի լիազոր ներկայացոիցիչը ներկա չի գտնվել»,- հարցրեց պատգամավորը։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն ասաց, որ այսօր իրենց ներկայացուցիչը՝ փոխնախարարի պաշտոնակատար Սերգեյ Խաչատրյանը պետք է ներկա լիներ, ով այդ ժամանակ հիպերտոնիկ կրիզով պառկած է եղել։
«Լսումների ժամանակ պարոն Խաչատրյանը ելույթ է ունեցել, և իր ելույթը բառ առ բառ համընկել է ԱԺ նախագահի այսօրվա ելույթի հետ»,- ասաց Ալթունյանը։
Էնֆիաջյանն արձագանքեց, որ նման քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները պետք է իրենք շահագրգռված լինեն ամենապատշաճ մակարդակով մասնակցելու։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկը չի ուզում մեծածախի իրավունքները վերցնել ու տալ հիվանդանոցին. Բաբլոյան
- Այս փոփոխությունը բերելու է դեղերի գների իջեցմանը. Հ. Հակոբյան