Կարեն Կարապետյանը խոստացավ՝ առաջիկայում հանրային քննարկման կդրվի ամբիցիոզ, բայց իրագործելի մի ծրագիր
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ապրիլի 11-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատարին՝ վերջին մեկուկես տարվա արդյունավետ աշխատանքի համար։ Նա Կարեն Կարապետյանին խնդրեց՝ նոր կառավարության կազմավորումից առաջ ամփոփել իր ղեկավարած կառավարության ձեռքբերումները, նշել՝ որ ուղղություններով դեռ շատ անելիքներ կան, որ սկսված վճռական բարեփոխումները դառնան որակական և հասանելի Հայաստանի քաղաքացիների ավելի լայն հատվածին։
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ թեպետ այն թվերը, որ կան, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի զգում, բայց տնտեսական համակարգի համար այդ թվերը իրականում հուսադրող են։ «Ինչ-որ առումով մենք չենք թաքցնում՝ մեր կառավարության թիմը, մեր կոալիցիոն համագործակցությունը և թիմը որոշակի առումով բավարարվելու իրավունք ունեն»,- ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ յուրաքանչյուր գերատեսչություն և նախարարություն մակրո առումով ունի «գրադիենտը» և այն տեսլականը, թե ուր պետք է գնա՝ ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունը, բիզնեսը, առողջապահությունը և այլն։ Նա տեղեկացրեց, որ իրենք բավական երկար աշխատել են 20-30 ծրագրի վրա, որը վերջերս ներկայացրել են և զեկուցել են հանրապետության նախագահին։ Առաջիկայում այն հանրային քննարկման կդրվի։
«Կարծում եմ՝ մեր քաղաքացիները ինչ-որ առումով բավարարված կլինեն, երբ տեսնեն՝ ինչ նշաձող ենք այնտեղ հայտարարում։ Շատ ամբիցիոզ, բավական քրտնաջան ու հետևողական աշխատանք պահանջող ծրագիր է, բայց իրագործելի է։ Մենք մեր ներուժը առավելագույնս պետք է ներգրավենք՝ ինչպես ենք բիզնես պայմանները փոխելու, ոնց ենք կառուցելու մեր վաղվա օրը՝ բոլոր ոլորտների հետ կապված։ Մենք համոզված ենք՝ մոտակա տարիներին ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ և տնտեսական աճ»,- ասաց նա։
Կարապետյանն ընդգծեց՝ չափազանց կարևոր է, որ երկար հորիզոնով հիմնարար բարեփոխումներ արվեն։ Նա ասաց, որ ակնկալում են՝ և սահմանադրության փոփոխության շնորհիվ և նոր համակարգին անցնելով՝ կլինի քաղաքական երկխոսություն կամ բազմախոսություն, որն իրավունք կտա երկարատև ծրագրեր իրականացնել։ «Մի քիչ էլ, էմոցիոնալ ասեմ, պոպուլիզմին քիչ տեղ տանք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում