Տարկետման համար նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել. Վիգեն Սարգսյան
Խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու օրենքի նախագծից։
«Մեզ քաղաքացիներ են դիմում, ովքեր սպասում են այս նախագծին, որպեսզի հասկական ի՞նչ պայմանների դեպքում իրենց զավակները կարող են օգտվել այս տարկետումից, որը սպասվում է կառավարության որոշումով»,- հարցրեց պատգամավորը։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ ինչպես և պայմանավորվել էին, շատ լայն քննարկումներ են եղել բոլոր շահագրգիռ կողմերի հետ այն պայմանները որոշելու համար, որոնց պարագայում բացառիկ դեպքերում կարող են տրվել տարկետումներ՝ առանձնակի հաջողությունների հասածներին։
«Այն նախագիծը, որը տեղադրված է հունվարից, բովանդակային առումով որևէ մեծ փոփոխությունների չի ենթարկվելու, առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի կառավարության որոշման տեսքով։ Նախագծում եղած չափորոշիչները կարելի է հիմք ընդունել»,-ասաց նա։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ շատ ինտենսիվ քայլեր են ձեռնարկվում գիտական վաշտ ձևավորելու համար ԶՈւ կազմում՝ այն նորակոչիկների համար, որոնք որ կարող են ծառայության ընթացքում ավելի կարող ձևով օգտակար լինել իրենց գիտելիքներով ԶՈւ խնդիրների լուծմանը։