Աշակերտները կստանան ֆինանսական կրթություն՝ վարկերի, ավանդների, տոկոսագումարների մասին
Հայաստանի Հանրապետության հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը:
Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այդ նպատակով նշված առարկաների ծրագրերում կատարվել է փոփոխություն, որը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով:
Նախարարությունից մանրամասնում են, որ ըստ այդմ` նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԲ ներկայացուցիչների կողմից կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նաև իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում:
ԿԳ նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում:
Քննարկման ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց դիտարկումները դպրոցական առարկայական ծրագրերում ներառված ֆինանսական կրթությանն առնչվող թեմաներին: Ուսուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի համար նախատեսված հարկերով, աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները