Մարտի 22-ից սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը
Հայաստանի ջրամբարներում ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 30 մլն խմ-ով, իսկ 2016-ի համեմատ պակաս է 115 խմ-ով: Սևանա լճի մակարդակը տարվա այս ժամակահատվածում կազմել է 1900 մետր 56 սմ, նույնքան, որքան 2017-ի համապատասխան ժամանակահատվածում: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նման տվյալներ է ներկայացրել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նշվել է, որ մարտի 22-ից արդեն իսկ սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը: Ըստ Արսեն Հարությունյանի՝ ջրամատակարարման առումով հիմնական խնդիրը կապված է Ախուրյանի ջրամբարից սնվող հողատարածքների հետ: Ներկա դրությամբ Ախուրյանի ջրամբարում առկա է 336 մլն խմ ջուր, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 36 մլն խմ-ով:
Կոմիտեի նախագահը, սակայն զեկուցել է, որ խնդիրը կարգավորելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել 20 շարժական պոմպակայանների գործարկման նպատակով, միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում աշխատանքներ են տարվում նաև խորքային հորերի հորատման ուղղությամբ:
Արսեն Հարությունյանի խոսքով՝ կոմիտեն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ քննարկել է հանրապետությունում ավելի քան 30 փոքր և միջին ջրամբարների կառուցման հնարավորությունը, որից առանձնացվել է առաջնահերթ կառուցման ենթակա 11 ջրամբար՝ հիմք ընդունելով նախնական գնահատմամբ տեխնիկատնտեսական նպատակահարմարության ցուցանիշները:
Նշվել է, որ մինչ այժմ հանրապետությունում ջրամբարաշինությունն իրականացվել է վարկային միջոցներով (Մարմարիկ, Վեդի, ուսումնասիրության փուլում գտնվող Կապս, Սելավ Մաստարա), սակայն ներկայումս առաջնորդվելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված պետություն-մասնավոր գործակցության ակտիվացման քաղաքականությամբ՝ կոմիտեն նախանշել է նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացնելու տարբերակներ՝ միաժամանակ գնահատելով հարակից բիզնես հետաքրքրության շրջանակները: Առաջնահերթ նախատեսվող 11 ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 43,2 մլն խմ, իսկ ներդրումների չափը՝ 34,2 մլրդ դրամ: Ջրամբարները 17 հազար հեկտար հողատարածք կոռոգեն:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ոռոգման համակարգը պետք է ներառվի Գինեսի ռեկորդների գրքում. Նարիա Զոհրաբյան
- Ծրագրվում է, որ 2020 թվականի ոռոգման շրջանին կմասնակցի արդեն Վեդու նոր ջրամբարը
- Գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքների օգտագործման մակարդակը չափազանց ցածր է. վարչապետ
- Վարչապետ. Անհրաժեշտ է արագ վերանորոգել «Արփա-Սևան» թունելը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում