Երևանում առաջին անգամ անցկացվելիք Բլոքչեյն համաժողովը կհամախմբի աշխարհի 20 երկրների փորձագետներին
Երևանում ապրիլի 22-ին առաջին անգամ կանցկացվի հայկական Բլոքչեյն միջազգային համաժողովը, որին կմասնակցեն բլոկչեյն ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս համաժողովը նախատեսված է ոչ միայն տեղական, այլև միջազգային ընկերությունների համար։ Ըստ նրա՝ համաժողովն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է, որի նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմաններ։
Էմիլ Տարասյանի խոսքով՝ հայկական Բլոկչեյն համաժողովը բաղկացած է 4 բաժիններից, որոնցում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյնի բնագավառի ապագային, ազդեցությանն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO-նախագծերի վրա: Համաժողովի շրջանակում տեղի կունենան նաև 12 կրթական դասընթացներ՝ մաստեր կլասեր ուսանողների և գործարարների համար, որոնք նոր են սկսում հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով:
Փոխնախարարը սկսնակ սթարթ-թիմերին կոչ արեց բաց չթողնել այս հնարավորությունը և մասնակցել իր բնույթով եզակի միջոցառմանը։
ECOS-ի կառավարման գործընկեր Իլյա Գոլդբերգն էլ նշեց, որ իրենց համար դժվար էր մեկտեղել տարբեր ոլորտների մասնագետներին, սակայն այսօր արդեն կարող են ասել, որ դա իրենց հաջողեց։
Համաժողովի շրջանակներում առաջին անգամ Երևանում կանցկացվի Roadshow ICO ընկերությունների համար, որին արդեն իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր աշխարհի 20 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնգկոնգ և այլն: Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ․ ԱՄՆ դոլարը:
15 լավագույն սթարթափ-թիմերը, որոնք անցել են խիստ փորձագիտական ընտրություն, կստանան հնարավորություն ներկայացնելու իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ներդրողների առջև, որոնց գումարային կապիտալը կազմում է ավելի քան 10 մլրդ. ԱՄՆ դոլար:
Առավելագույն բիզնես արդյունքն ապահովելու նպատակով՝ ժյուրիի ընտրությամբ անցած նախագծերի թիմերը ոչ միայն կկարողանան ներկայանալ պիտչ-սեսիայի ընթացքում, այլ նաև կստանան հնարավորություն կազմակերպելու անհատական բանակցություններ ֆոնդերի հետ, ինչպես նաև մասնակցել VIP-հյուրերի և ներդրողների փակ երեկույթին: