Ինչո՞ւ է Թուրքիան ընդունել Հորդանանի՝ ազատ առևտրի համաձայնագիրը վերանայելու պահանջը
Մինչև Թուրքիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների, Եվրոպայի ու Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում տեղի ունեցած վերջին ցնցումները, Սիրիան ու Հորդանանը Թուրքիայի հետ կնքել էին ազատ առևտրի և առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր՝ հույս ունենալով օգուտ քաղել նրա զարգացող տնտեսությունից:
Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագորեն վատթարացան սկսած 2011 թվականից, երբ Թուրքիան աջակցեց իսլամական ջիհադիստներին՝ ոտնահարելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը: Տարեսկզբին, ևս մեկ քայլ առաջ գնալով, Թուրքիան հանդգնեց ներխուժել Հյուսիսային Սիրիա, գրավելով Աֆրին քաղաքը և հայտարարելով ներխուժումն ընդլայնելու իր մտադրության մասին:
Հետևաբար, Թուրքիայի և Սիրիայի միջև փոխադարձ առևտրային համաձայնագիրը և մուտքի արտոնագրային ռեժիմը չեղյալ հայտարարվեցին: Վերջերս, Հորդանանը կասեցրեց իր սեփական առևտրային համաձայնագիրը Թուրքիայի հետ, բազմիցս նախազգուշացնելուց հետո, որ դա միակողմանի էր և դրանից Թուրքիան ավելի շատ օգուտ էր քաղում, քան Հորդանանը: 2016 թ. թուրքական արտահանումը Հորդանան կազմել է 710 միլիոն դոլար, իսկ Հորդանանինը դեպի Թուրքիա՝ ընդամենը միայն 102 միլիոն դոլար:
Հորդանանը խոստացել է վերականգնել համաձայնագիրը, եթե Թուրքիան համաձայնի որոշակի փոփոխությունների, այդ թվում՝ «թուրքական կողմի համաձայնությունը այն պաշտպանական միջոցառումների իրականացմանը, որոնք կմշակվեն Հորդանանի կողմից տեղական արդյունաբերության պաշտպանության համար, թուրքական տեխնիկական օժանդակության ավելացմանը Հորդանանին ազատ առևտրի համաձայնագրի համաձայն և Թուրքիայի կողմից կիրառվող ծագման երկրի «խիստ» կանոնների վերանայմանը», տեղեկացնում է The Jordan Times-ը:
Զարմանալիորեն, Թուրքիան համաձայնել է վերանայել 2011 թ. ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը: Սա պարզապես շեղում էր Թուրքիայի սովորաբար ագրեսիվ մարտավարությունից՝ սպառնալով և ստիպելով ենթարկվել իր ցանկություններին թե բարեկամներին, թե հակառակորդներին:
Հորդանանի կառավարությունն արժանի է գովասանքի իր շահերի պաշտպանության համար ունեցած կոշտ դիրքորոշման համար, չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին մի շարք զարգացումների արդյունքում ամրապնդվել էին Թուրքիայի և Հորդանանի միջև հարաբերությունները: Երկու երկրները խստորեն քննադատել էին նախագահ Թրամփի որոշումը՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Փետրվարի 21-ին, երկու երկրները նաև ստորագրել էին ռազմական համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, Թուրքիան համաձայնել էր «մաքսատուրքերից ազատել հորդանանյան 500 ապրանքներ», ըստ «Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի:
Պրոֆ. Պինար Թրեմբլեյը, «Ալ-Մոնիտոր»-ի հոդվածում վերլուծել է այն չորս գործոնները, որոնք կարող են ազդել թուրք-հորդանանյան առևտրային համաձայնագրի վերանայման վրա:
Առաջին խոչընդոտը՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի դժգոհությունն է Թուրքիայից՝ իրենց թշնամի Քաթարին աջակցելու համար: Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանն ավելի հեռուն գնալով Թուրքիային անվանեց «Չարի եռանկյունու» անդամ՝ իսլամական զինյալների և Իրանի հետ միասին... Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի հակաթուրքական դիրքորոշումը ճնշում է գործադրում Հորդանանի վրա՝ ավելի զգուշավոր լինել Թուրքիայի հետ հարաբերություններում: Պատճառը, որով Թուրքիան փորձում է բավարարել Հորդանանի պահանջն այն է, որ նա ցանկանում է դուրս գալ սուննի արաբական երկրների մեկուսացումից:
Երկրորդ խոչընդոտը՝ սուննի առաջնորդների թշնամանքն է Իրանի նկատմամբ: Այս թշնամությունն առաջացրել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի զայրույթը Թուրքիայի նկատմամբ՝ Իրանի հետ հարաբերությունների պատճառով: Թուրքիան փորձում է խթանել իր հարաբերությունները Հորդանանի հետ, որովհետև դաշնակիցների կարիք ունի արաբական աշխարհում: Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Էրդողանը ձգտում է դառնալ սունիի մահմեդականների առաջնորդը՝ մրցակցելով իսլամի երկու սրբազան վայրերի՝ Մեքքայի և Մեդինայի հայրենիք Սաուդյան Արաբիայի հետ:
Երրորդ խոչընդոտը՝ Սաուդյան Արաբիայի ցանկությունն է իր ազդեցությունը տարածել արաբական աշխարհի նկատմամբ, որը դեմ է թուրքական զավթողական քաղաքականությանը: Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիան և Թուրքիան մրցում են Հորդանանի թագավորության բարեկամության համար, ի թիվս այլոց: Թրեմբլեյը հաղորդել է, որ «դեկտեմբերի վերջին Թուրքիան Սուդանից 99 տարով վարձակալել է Սուակին կղզին, ընդլայնելով Թուրքիայի ներկայությունը Կարմիր ծովում: Այս քայլը անհանգստացրել է այն երկրներին, որոնք իրենց համարում են «արաբական հակաահաբեկչական քառյակ» (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Բահրեյն): Թուրքիայի հարաբերությունները աֆրիկյան երկրների հետ ծաղկում են: Ոչ բոլորն են գոհ նման զարգացումներից, և դա կարող է խնդիրներ առաջացնել թուրք-հորդանանյան հարաբերությունների համար»:
Պրոֆ. Թրեմբլեյը չորրորդ մարտահրավերը համարել է ֆինանսականը. «Թուրքիան ցանկանում է Հորդանանի շուկաները, սակայն բախվում է Պարսից ծոցի երկրների կողմից ստեղծված արգելքներին: 2016 թ. մարտից Թուրքիան և Հորդանանը փորձում են, առանց հաջողության, ծովային երթուղի գործարկել թուրքական Իքենդերուն և Հորդանանի Աքաբա նավահանգիստների միջև՝ Ծոցի շուկաներ դուրս գալու համար: Սակայն առանց քաղաքական փոխզիջումների, տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում անկայուն է: Թուրքական ավիաուղիները մարտի 19-ին վերսկսել են ուղիղ թռիչքները Ստամբուլի և Աքաբայի միջև: Հետաքրքիր է, որ հենց մարտին Սաուդյան թագաժառանգը գտնվում էր Կահիրեում, քննարկելով Թագավոր Սալմանի առաջարկվող բազմամիլիարդանոց կամուրջը, որն իրար կկապի Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան՝ Աքաբայի Ծոցի մուտքին. ոմանք սա դիտարկում են որպես պատասխան Աքաբայի թռիչքների և ծովային երթուղու ծրագրի: Մարտի 12-ին, ԱՄԷ-ի արտգործնախարարը Հորդանանի մայրաքաղաք Ամման կատարած այցի ժամանակ խոստացավ օգնել Հորդանանին նրա տարբեր տնտեսական մարտահրավերներում և հաստատել տարածաշրջանային կայուն կապեր: Թուրքիան կարծում է, որ Հորդանանի կողմից ազատ առևտրի համաձայնագրի կասեցման հետևում ընկած են այս զարգացումները: Հորդանանի գործարարները և վերլուծաբանները համամիտ են, որ որոշման կասեցումը ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ձեռքի գործն է»:
Թրեմբլեյը հանգել է այն եզրակացության, որ «Թուրքիային խիստ անհրաժեշտ է բազմացնել իր հնարավորությունները արտաքին քաղաքականության մեջ: Անցյալի բազմաթիվ սխալներն ու թանկ վճարված ձախողումները զգալիորեն սահմանափակել են Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբերակները: Վերջին տասնամյակում Թուրքիայի հավակնություններն ու հռետորությունը չեն համապատասխանում իր հնարավորություններին և ձեռքբերումներին: Սակայն Հորդանանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ Անկարան ոչ միայն վճռական է տրամադրված, այլև լավ կազմակերպված: Եթե Թուրքիան կարողանա հաղթահարել նշված խոչընդոտները, ապա ազատ առևտրի համաձայնագրի վերանայումն իսկապես հաղթանակ կլինի Անկարայի համար»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան