Ըստ քաղաքագետի՝ սրացումների մեծ հավանականություն չկա ոչ շփման գծում, ոչ Նախիջևանում
Ադրբեջանում ընտրություններ չեն լինում, այնտեղ քաղաքական ընդդիմություն չկա՝ բացարձակապես: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Նա ընդգծեց՝ Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտում են, քաղաքական հռետորաբանությունը չեզոքացված է, իսկ քաղաքականությունը փոխվում է ընտանիքի անդամների միջև տարբեր հարաբերությունների:
«Ընտրությունն այն է, երբ գործընթացը հայտնի է, արդյունքը՝ չէ, իսկ այնտեղ նման բան չի կատարվում: Ես չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ փոփոխություններ սպասել ԼՂ հարցում, այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: Այն կմնա մոտավորապես նույնը, ինչ հիմա է»,- ասաց նա:
Իսկանդարյանի կանխատեսմամբ՝ գերտերությունները կփորձեն աշխատել ստատուս-քվոյի պահպանության համար, Հայաստանը կամ հենց ինքը՝ Արցախը կփորձի ամրապնդել շփման գիծը, ընդլայնել ԶՈՒ հնարավորությունները, իսկ Ադրբեջանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն այն կհամատեղի կրակոցներով, սրացումներով: Այս ռազմավարությունն, ըստ Իսկանդարյանի, երկարաժամկետ է, և հարց է՝ որքանով լարվածությունը սահմանին կաճի կամ կնվազի: Նա ընդգծեց՝ այս տարի իրավիճակը մի փոքր լավ է նախորդ տարիների համեմատ:
«Թուրքիայի կողմից С-400-ի գնումը, այսինքն՝ ավելի շուտ դրա գովազդումը, քանի որ հայտնի չէ՝ այդ գնումը կլինի, թե չէ, պարզապես խաղ է, ընդ որում՝ ոչ թե ռուս-թուրքական, այլ Թուրքիայի ու Արևմուտքի միջև: Սա ԼՂ հարցի հետ որևէ կապ չունի»,- ասաց նա:
Իսկանդարյանն ընդգծեց՝ սահմանին սրացումներ կարող են լինել, չբացառեց նաև մեծ սրացումները, սակայն նշեց, որ չի կարծում՝ դրա հավանականությունը մեծ է: Նույնը վերաբերում է նաև Նախիջևանին: Ըստ քաղաքագետի՝ սրացումների մեծ հավանականություն չկա ոչ շփման գծում, ոչ Նախիջևանում: