Հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն
ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախագծի նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքին վերաբերող կարևորագույն ոլորտները, սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնք սահմանափակման ենթակա են. «Դրանցից որոշների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջներ կներկայացվեն»։
Փոխնախարարի պաշտոնակատարը թվարկեց, որ այդպիսի օբյեկտներից են հեստապարային ակումբները, կարաոկեները, դիսկոտեկները, սաունաները, շոգեբաղնիքները։
«Այս օբյեկտների տեղակայումը կարգելվի բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է գործունեության համար սահմանված պետական տուրքերին, փոխնախարարի պաշտոնակատարն ասաց. «Կսահմանվեն տուրքեր նշված գործունեության տեսակների համար: 4 գործունեության տեսակների համար տուրքը կսահմանվի 10-50 հազար դրամի սահմաններում, իսկ մեկ գործունեության տեսակի համար 300-500 հազար դրամի սահմաններում»։
Նա նշեց, որ լռության ժամերի պահպանման համար համայնքի ավագանին կարող է տարանջատել երեք տարբերակ՝ երեկոյան 22.00-ից առավոտյան 7-ը, 23.00-ից 7-ը և 24-ից 7-ը:
Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ ոթե այսօր լռության պահանջը խախտելու դեպքում նախատեսվում է, որ առաջին անգամ կիրառվում է նախազգուշացում, իսկ երկրորդի դեպքում՝ 40 հազար դրամի տուգանք, ապա նոր օրինագծով իրենք առաջարկում են խստացնել տուգանքները. «Նախատեսվում առաջին անգամ 200-300 հազար, կրկնվելու դեպքում՝ մեկ մլն դրամ տուգանք»։