Պարտադիր չէ` մարդիկ ուրիշի միջոցառմանը պասիվ մասնակից լինեն. Արարատ Զուրաբյան
«Հասարակական կյանքը կարգավորող գործառույթները շարունակական զարգացումների մեջ են, և այն որ այսօր այս օրենքի նախագիծն է ներկայացված քննարկման և հաստատման, վաղը կարող է նույն խնդրին վերաբերող որակապես մեկ քայլ առաջ առաջարկ լինի, սակայն դա չի նշանակում, որ մինչ այդ հասարակական կյանքն այդ տեսանկյունից կարգավորված չի եղել»,- խորհրդարանում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին՝ թե մինչև այժմ հասարակական նշանակության տարածքներում ցանկացած գործունեություն կարելի՞ էր կազմակերպել, հիմա նոր որոշակի սահմանափակումներ են դնու՞մ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների ու սաունաների տեղակայման համար սահմանափակումներ մտցնելու օրենքների նախագծերի փաթեթը։
«Անցյալում իհարկե խախտումներ եղել են, բավարար չեն եղել նախազգուշացումն ու կրկնելու դեպքում պատասխանատվության միջոց 40 հազար դրամը, և որպեսզի կանխվեն նման երևույթները, այս նախագիծն է առաջարկվում»,- նշեց փոխնախարարի պաշտոնակատարը։
Նույն խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց, որ լռություն պահպանելու գիշերային ժամերը փոխվեն՝ առաջարկվող ժամը 23-ից մինչև առավոտյան 7-ը սահմանափակումը փոխել 22-ից մինչև ժամը 9-ը, քանի որ բնակելի շենքի տարածքում դա նորմալ չէ:
«Առնվազն գործունեության տեսակներ էլ կան, որոնց պետք է պարտադրվի լռություն պահպանել ժամը երեկոյան ժամը 6-ից: Մարդիկ աշխատանքից տուն են վերադառանում, իրավունք ունեն հանգիստը վայելել և պարտադիր չէ մինչև ժամը 10-ն ուրիշի միջոցառմանը լինեն պասիվ մասնակից»,- ասաց պատգամավորը։
Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ առաջարկը կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու են տեղակայման սահմանափակման ցանկից դուրս մնացել հոսթելները:
«Փաստորեն դուք սահմանափակում եք հյուրանոցները, կարաոկեները, դիսկոտեկները, բայց հոսթելները չկան ցանկում, բայց դրանցում կարող են լինել շոգեբաղնիքներ, բաղնիքներ ունենալ և կարող են լինել բնակելի շենքի մեջ»,-ասաց պատգամավորը։
Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ հոսթելը ևս հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, և սահմանափակումը տարածվում է նաև նրանց վրա: