Այս փոփոխությունը բերելու է դեղերի գների իջեցմանը. Հ. Հակոբյան
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է՝ այն հիվանդանոցները, որոնք ունեն համապատասխան ծառայություններ դեղերի պահպանման համար, հնարավորություն տալ իրենց համար անհրաժեշտ դեղերը ներկրել: Այս մասին այսօր օրինագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ գործող օրենքով ՀՀ դեղեր ներկրել թույլ է տրվում միայն մեծածախ գնումների լիցենզիա ունեցողներին։
«Արդյոք ՀՀ բժշկական կազմակերպությունները, որոնք զբաղված են առողջության պահպանման բժշկական ծառայություններ մատուցելով, իրավունք ունե՞ն դեղ ներկրել, թե ոչ, փաստորեն՝ ոչ: Նրանք պետք է մեծածախ շուկայից դեղ գնեն, որ կարողանան իրենց բնականոն գործունեությունն ապահովել: Մենք առաջարկում ենք, որ այն հիվանդանոցները, որ ունեն դեղը պահելու վայր, տալ հնարավորություն ՀՀ դեղ ներմուծել ուղիղ՝ առանց մեծածախ գնորդին դիմելու»,- մանրամասնեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ այս փոփոխությունը բերելու է դեղերի գների իջեցմանը. «Այս փոքր քայլով մենք հիվանդանոցներին ուղղակի տալիս ենք հնարավորություն` ծախսերն ավելորդ անգամ չկատարելու, ինչն էլ բերելու է հիվանդանոցներում ծախսերի մատուցման գների իջեցմանը»։
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց դեղ ներմուծելու թույլտվությանը, Հակոբ Հակոբյանն ասաց. «Հիմա ասում ենք, որ քաղաքացին կարող է ոչ միայն իր համար, այլ ծնողի, երեխայի, հարազատի համար դեղ բերել: Մենք երկրորդ ընթերցման ռեժիմով ծնող, որդի բառերը կհանենք, ուղղակի յուրաքանչյուր ֆիզիկական անձին ուղղակի թույլ կտանք այն չափաբաժինը բերել, որը օրենքով թույլատրված է, որ հարց չլինի, թե ում համար ես բերում, փաստաթուղթ ցույց տուր, այսինքն՝ սխեման պարզեցնում ենք»։
Ներկայացվող նախագծի հեղինակներն են ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Մարգարիտ Եսայանը, Արսեն Միխայլովը, Ջեմմա Բաղդասարյանը, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքից Մարինա Մարգարյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: