Կարեն Կարապետյան. 100 տոկոս տնտեսական աճն էլ բավարար չէ բոլոր խնդիրների լուծման համար
«2017-ին մենք ապահովել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Մոտ օրերս կհրապարակենք առաջին երեք ամիսների ցուցանիշները, որոնք իրենց տեմպով ավելի առաջանցիկ են, քան 2017-ին»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պարտգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրեց նախորդ կառավարության ու նախագահի տված խոստումները աղքատության նվազեցման, կենսաթոշակների բարձրացման ու այլ բաների մասին, ասաց, որ դրանք չեն կատարվել:
Շարունակելով պատասխանը, Կարեն Կարեպետյանն ասաց, որ Հայաստանի գրանցած տնտեսական աճն ամենաբարձրն է բոլոր համեմատելի երկրներում ու կազմակերպություններում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, տարածաշրջան, Իրան, Եվրոպա և այլն:
«Երբ ես խոսում եմ, որ այս կոնֆիգուրացիան ապացուցել է և որոշակի հաջողություններ է գրանցել, մենք կանխատեսում ենք տնտեսական աճ մոտ տարիներին, որը մեզ հիմք կտա երկար հորիզոնով ֆունդամենտալ բարեփոխումներ անել, ես իրականում դրան հավատում եմ, այս մեկ ու կես տարում, համոզված եմ, որ դա ցույց ենք տվել»,-ասաց նա:
Նրա խոսքով, տնտեսական աճի մասին խոսելիս պետք է հաշվի առնել պոտենցիալն ու զարգացումները:
«Մենք այս տարի կանխատեսել ենք 4.5 տոկոս տնտեսական աճ: Եթե որևիցե ֆորսմաժորային իրավիճակ չլինի շուկաների հետ կապված, մենք կանխատեսում ենք դրանից բարձր աճ: Մենք հետևողական կերպով շարունակելով աշխատել՝ գալու ենք նրան, որ մեր քաղաքացին ու երկիրը իրենց վրա զգան, և աշխատատեղերի ստեղծումով, և սոցիալական փաթեթներով և այլն»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Թանդիլյանն արձագանքեց, որ վարչապետի նշած տնտեսական աճը որևէ կերպ չի անդրադառնում քաղաքացիների բարեկեցության վրա:
«Եթե ուզում եք իմ կարծիքը լսել, ապա ես կասեմ, որ 7.5 տոկոս տնտեսական աճը բավարար չէ մեր խնդիրնեը լուծելու համար: 100 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք: Ոչ: Մեկ տարվա մեջ հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել որևէ երկրում: Ոչ»,-պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը, նշելով, որ քաղաքացիների կեցության պայմանների բարելավումն անընդհատ պրոցես է: