Հիմնանորոգման աշխատանքների վերջը երևում է. Վ. Պետրոսյանի անվան դպրոցի տնօրեն
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի վթարային երկհարկանի մասնաշենքը հիմնանորոգվում է։ Դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են և ամենայն հավանականությամբ աշակերտները կկարողանան դասապրոցեսն այնտեղ անցկացնել սեպտեմբերից։
«Այդ մասնաշենքում ժամանակին փախստականներ են ապրել, կարելի է ասել՝ նրանց գնալուց հետո ամեն ինչ ավիրված էր այնտեղ։ Հիմա հսկայական աշխատանքներ արդեն արվել են, շենքն ամրացվել է, կոյուղին, կտուրը, հատակը, դռներն ու լուսամուտները՝ փոխվել։ Հիմա կոսմետիկ նորոգման աշխատանքներ են տարվում։ Վերջն արդեն երևում է»,- ասաց տնօրենը։
Ներկայում աշակերտները դասապրոցեսը անցկացնում են եռահարկ մասնաշենքում, որը ևս վերանորոգման կարիք ունի։
Հիշեցնենք, որ նշված եռահարկ մասնաշենքի դասասենյակներում միջին խտությունը 28-ից ավելի է։ Դպրոցն այս տարի երկու առաջին դասարան է ունեցել՝ 36 և 37 աշակերտներով, և դասասենյակ չունենալու պատճառով ստիպված երկու դասասենյակում են անցկացնում դասերը՝ երեք դասարան կազմելու փոխարեն։
«Այս եռահարկ մասնաշենքում ևս վերանորոգում կկատարվի և այստեղ ևս դասապրոցես կշարունակվի։ Տարրական դասարաններն ամբողջության կտեղափոխվի հիմնանորոգված երկհարկանի մասնաշենք։ Ընդհանուր կբաշխվի այնպես, որ երկու մասնաշենքում էլ դասապրոցես լինի՝ առանց ծանրաբեռնվածության»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները