Վաղարշապատի հիվանդանոցը կհանձնվի հավատարմագրային կառավարման
Կառավարությունը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում այսօր գործում են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն և «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ Վաղարշապատի տարածաշրջանի հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունները գործում են ցածր արդյունավետությամբ: Բավարար չեն նաև հիվանդանոցի գործունեության ցուցանիշները:
Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հիվանդանոցի ենթակառուցվածքները չեն համապատասխանում բժշկական սպասարկմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին, բժշկական սարքավորումները և կահույքը մաշված են: Արդյունքում, նշված հաստատությունը գործում է թերծանրաբեռնված, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հիվանդանոցի ֆինանսական կայունության վրա:
Մրցույթը կազմակերպվելու է 2-ամսյա ընթացքում: Կարեն Կարապետյանը հորդորել է նման դեպքերի համար մցույթներն անցկացնել բաց ու թափանցիկ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
Հիմնավորման համաձայն՝ Սիսիանի բժշկական կենտրոնն ունի հետևյալ մի շարք հիմնախնդիրները՝ թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են, չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ: