Հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին. վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ մի շարք հանձնարարականներ է տվել:
Առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր: «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ: Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ: