21,5 մլրդ դրամի ներդրումային երեք ծրագրերի արդյունքում կստեղծվի 475 նոր աշխատատեղ
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ներդրումային երեք ծրագիր, որոնց ընդահանուր գումարը կազմում է մոտ 21,5 մլրդ դրամ: Այս մասին այսօր գործադիրի դռնփակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
Ծրագրերից մեկը կիրականացվի կոնյակի և գինու արտադրության ոլորտում, երկուսը՝ թեթև արդյունաբերության ոլորտում: Արդյունքում, ըստ նրա, կստեղծվի 475 նոր աշխատատեղ:
Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակներում «Անիտեքս» ընկերությունը նախատեսում է Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ, իսկ «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը կրկին Արտաշատում կզբաղվի տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ։
Սուրեն Կարայանի խոսքով՝ դրանք նոր ուղղղություններ են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում, քանի որ մինչ այս հանրապետությունում դրանք չէին արտադրվում:
«Մենք պարզեցրել ենք ներդրումային ծրագրերի քննարկման ընթացակարգերն ու ժամկետները, ինչի արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում երեք անգամ ավելացել են մասնավոր հատվածի կողմից հայտերը՝ պետության կողմից տրամադրվող օժանդակությունից օգտվելու համար: Այդ ներդրումային ծրագրերն իրենց մեջ ներառում են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրումներ: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերջին շրջանում կա տնտեսական աշխուժություն, հույս ունենք, որ հետագայում ևս այս աշխուշացումը կշարունակվի»,- ասաց Սուրեն Կարայանը: