Freedom House-ի զեկույցն արմատապես շեղվել է դասական մեթոդաբանությունից. Դավիթ Հարությունյան
«Առաջին անգամ տեսնում եմ Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որն այդ կազմակերպությունը, որպես կանոն, որդեգրել է»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Freedom House-ի վերջին զեկույցին:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի զեկույցը, ապա զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ. «Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է վարչապետ, դա կտանի ավտորիտար ռեժիմի, եթե նա չառաջադրվի, ապա դա կդառնա լռելյայն կառավարում գործադիր իշխանության: Այսինքն՝ ձախ մի գնա, աջ մի գնա»:
Բերելով մեկ այլ օրինակ՝ նա նշեց. «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին, բայց ուսումնասիրեք և տեսեք, թե մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Գոնե՞ մի տեղ, ինձ դա չհաջողվեց գտնել: Ցավով պետք է նշեմ, որ առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որ կիրառում էին»:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նախկինում երբեք չի տեսել զեկույցներ, որտեղ որոշակի պիտակավորում է իրականացվում քաղաքական գործիչների: «Որպես կանոն, այո, քննադատություն եղել է, բայց երբևէ ոչ պիտակավորում: Սա այն զեկույցն է, որտեղ առկա են նաև պիտակներ: Ես կարող եմ հասկանալ, որ միջազգային կառույցները կարող են լինել որոշ չափով անգաժավորված, սակայն ոչ այս աստիճանի, որն արժեզրկում է ընդհանրապես նման զեկույցի առկայությունը»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան