Կարեն Կարապետյանը ևս վարչապետի թեկնածուի քննարկումներում ակտիվ և նախաձեռնող է եղել. Դավիթ Հարությունյան
Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ ընդամենը մեկ վարչապետի թեկնածու, բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չէ ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ն կողմ լինի վարչապետի պաշտոնում միայն Սերժ Սարգսյանի թեկնածությանը:
«Սակայն, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակում առկա մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում: Կուսակցությունն ունի իր ներքին կառուցվածքը, ներքին ժողովրդավարության մեխանիզմները, և դրանց արդյունքում ծնվող որոշումներին դուք տեղեկացվում եք: Ֆորմալ առումով որոշումը դեռ կայացված չէ, բայց հերթականությունը մոտավորապես հետևյալն է. թեկնածուները հավանության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են որպես կանոն Խորհրդի կողմից, ֆորմալ իրավական գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից: Սա է դասական տրամաբանությունը»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ներքին ժողովրդավարությունը չպետք է շփոթել ժողովրդավարության իմիտացիայի հետ: «Ներքին ժողովրդավարությունն այն է, որ մենք ունենում ենք բավական լուրջ քննարկումներ: Եվ պարտադիր չէ, որ այդ քննարկումներն ի վերջո դառնան ֆորմալիզացված քվեարկություն: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ քննարկումները կուսակցության ներսում բավական բաց, երբեմն նաև թեժ են եղել: Դետալների մասին չեմ խոսում, քանի որ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե այլ թեկնածուների անուններ եղե՞լ են, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Քննարկումներ եղել են, բնականաբար, քննարկվել են բոլոր հնարավոր տարբերակները, նաև հաշվի առնելով առկա մարտահրավերները: Նմանատիպ քննարկումներ տեղի են ունենում ոչ թե այն պահին, որ պետք է վարչապետ առաջադրվի, այլ անմիջապես անգամ խորհրդարանական մեծամասնության ձևավորումից հետո: Այն, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է, սա էլ է կուսակցության քննարկման արդյունք»:
Հարցին, թե արդյոք քննարկվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը՝ հատկապես, որ նա հայտարարել էր, թե պատրաստ է աշխատել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առաջին փոխնախագահն է: Խոսքը վերաբերում է մի մարդու, որը շատ ակտիվ մասնակիցն ու նախաձեռնողն է այդ քննարկումների ևս: Այսինքն՝ նա լինելով կուսակցության առաջին փոխնախագահ՝ ինքը ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է այս քննարկումների»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին