Եթե այսպես շարունակենք, մենք կսպանենք Սևանը. բնապահպան
Սևանա լճից ջրառը վտանգավոր է։ Բնապահպան Սիլվա Ադամյանը, անդրադառնալով Սևանից ջրառ կատարելու Կառավարության որոշմանը, նշեց, որ ընդհանրապես Հայաստանում կարգուկանոն է դարձել, որ անկախ նրանից՝ ինչպիսի ձմեռ ենք ունեցել և գարուն, միևնույն է՝ փորձում են Սևանա լճից պարտադիր ջուր վերցնել՝ ոռոգման համար։ Պատճառաբանումն, ըստ նրա, մեկն է՝ ոռոգման, գյուղատնտեսության հարցում լուրջ խնդիրներ կան։
«Սա առաջին տարին չէ, մենք պարբերաբար հետևել ենք այս իրավիճակին, նամակներ են գնացել Ջրային կոմիտե, Սևանի հանձնաժողով, բայց միևնույն է, ինչպես տեսնում եք՝ իրավիճակը չի փոխվում։ Ինչո՞վ է վտանգավոր այս ամենի ընթացքը։ Տեսեք, մենք բարձրացրեցինք Սևանա լճի մակարդակը, որպեսզի վերականգնենք էկոլոգիան, այսօր մեր փորձագետները խոսում են այն մասին, որ միևնույն է՝ Սևանա լճի էկոլոգիայի իրավիճակը լավը չէ, թափանցիկությունը բավարար չէ, ջրի ջերմաստիճանը բավական բարձր է, այդ ես չեմ ասում, ասում են մասնագետները, ձկան պաշարները բավական քիչ են, որովհետև դա կապված չէ միայն որսագողության հետ, այլև էկոլոգիայի, և սա դարձել է խնդիր Սևանի համար»,- ասաց նա։
Ադամյանի խոսքով՝ ունենալով այսպիսի խնդիրներ՝ մենք տարիներ շարունակ վերցրել ենք ջուրը Սևանից, օգտագործել։ Հիմա վտանգն ավելի է շատացել, որովհետև արդեն իսկ կլիմայական փոփոխություններ, լուրջ խնդիրներ կան։ Նա նշեց՝ այս տարվա մեր ձմեռը ապացուցեց, որ մենք կանգնած ենք դրա շեմին և չենք կարող խուսափել այդ փոփոխություններից, այլ հարց է՝ արդյոք պատրաստ ենք մենք դրան։
Ադամյանն ասաց՝ հավաքելով պաշարներ, ենթարկվելով փոփոխությունների, որոշելով, որ պետք է ադապտացիայի ենթարկել շրջակա միջավայրը, փորձելով պահպանել այդ կլիմայական լուրջ փոփոխությունների ընթացքը, այսինքն՝ կառավարել դրանք, կանգնած ենք անկառավարելի վիճակի առաջ։
«Եթե այսպես շարունակենք, մենք կսպանենք Սևանը, որովհետև մենք չգիտենք՝ մյուս տարի ինչ ձմեռ կունենանք և ինչպիսի կտրուկ կլիմայական փոփոխություններ կլինեն Հայաստանում։ Սրա մասին ոչ ոք չի կարող գուշակել։ Նույնիսկ ամենազարգացած երկրներում չգիտեն իրենց գլխի գալիքը։ Դրա համար մենք պիտի շատ զգույշ լինենք, այն տարիներին, երբ չունեինք լուրջ խնդիրներ՝ ջրամբարների, ձյան պաշարների, հորդառատ անձրևների հետ կապված, պիտի շատ զգույշ վերաբերվենք Սևանին»,- ասաց նա։
Ադամյանը նշեց, որ սրա մասին անընդհատ մասնագետները, ՀԿ-ները բարձրաձայնել են, բայց ցավոք, որևէ մեկը չի լսել, ու այսօր վիճակը ծայրահեղ վատ է։ Նրա խոսքով՝ Սևանի էկոլոգիայում չունենք դրական փոփոխություններ, մակարդակը չի բարձրացել, հակառակ պնդումների, այսինքն՝ մակարդակի բարձրացման դրական ցուցանիշ չկա, որը նշանակում է, որ կա խնդիր, ունենք լիճ, որն այս մի քանի տարիներին գրեթե չի վերականգնվել։
«Դրա պատճառը մեր Կառավարությունն է, որ պարբերաբար ջրբացթողումներ է անում լճից։ Սևանը իրենց սեփականությունը չէ, դա ազգային արժեք է, ազգի ջրային պաշարն է։ Հիմա մասնագետներ, որոնք բավական կշիռ ունեն, ասում են, որ արդեն այնպիսի վիճակ է այնտեղ, որ դա անգամ որպես ջրային պաշար դիտարկել դժվար է, եթե մենք այսպես շարունակենք, բայց միևնույն է՝ մենք դիտարկում ենք որպես ազգային արժեք և քաղցրահամ ջրի պաշար»,- ասաց նա՝ հավելելով, որ դա քաղցրահամ ջրի պաշար է ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ տարածաշրջանի։
Սևանա լճին այսպիսի վերաբերմունքը բնապահպանը դավադրություն է համարում ազգի դեմ, և աններելի է համարում հատկապես այն գիտնականների վերաբերմունքը, ովքեր տեղյակ լինելով իրավիճակին՝ սատարում են Կառավարությանը՝ ընդունել այսպիսի որոշումներ։
Նրա խոսքով՝ Կառավարությունում նստած մարդիկ կարող են շրջակա միջավայրի խնդիրներից տեղյակ չլինել, իրենք ամեն ինչը տեսնում են բիզնեսի, գործարքների և այլ հարթության վրա, բայց գիտնականների վերաբերմունքը ներել չի կարելի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին