Պարգևատրվել են սահմանամերձ համայնքների բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկները
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետներն ավանդաբար այցելում են սահմանամերձ համայնքներ և բնակչությանը մասնագիտական խորհրդատվություն ու բժշկական օգնություն ցուցաբերում։
«Անհրաժեշտության դեպքերում մեր երկրի սահմանները պահող բնակչության բուժումը կազմակերպվում է կենտրոնում։ Այս կերպ իրենց ներդրումն են ունենում սահմանամերձ հեռավոր համայնքներում առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու գործում»,-հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ հայրենանվեր գործունեության և սահմանամերձ համայնքների բնակչությանը մասնագիտական բարձրակարգ օգնություն ցուցաբերելու համար կենտրոնի մի խումբ բժիշկներ պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության շնորհակալագրով։
Նյարդաբաններ Անյա Պապոյանին և Սյուզի Ոսկանյանին, սրտաբաններ Իրինա Մկրտչյանին և Մարինե Բայրամյանին, ակնաբույժ Նառա Գաբոյանին, թոքաբաններ Քրիստինե Քարամյանին և Տաթևիկ Դավոյանին պարգևները հանձնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը։
Նա պարգևատրված մասնագետներին փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանի երախտիքն ու բարեմաղթանքները։ Շնորհավորելով գործընկերներին` Արա Մինասյանը ցանկացել է որ մասնագիտական իրենց հաջողություններն ու ձեռքբերումները մշտապես արձանագրեն խաղաղ պայմաններում, մաղթել, որ իրենց ապրած ամեն օրը բավականություն պատճառի թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում:
Պարգևատրվածները տնօրինության կողմից նաև նվերներ են ստացել։