ՀՀ նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները է բերել ՀՀ նախագահին երդմնակալության արարողության առիթով` վստահություն հայտնելով, որ պետական կառավարման ոլորտում նրա հարուստ փորձառությունը պիտի լավագույնս ծառայեցվի երկրի առաջընթացին` արդարացնելով ժողովրդի սպասումները թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում:
Նորին Սրբությունը հաստատել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի զորավիգ լինել հայրենի իշխանություններին ու ՀՀ նախագահին հայոց անկախ պետականության զորացման և առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարելին անել ի սեր և ի բարօրություն հայրենիքի ու ժողովրդի:
Վեհափառ Հայրապետը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է, որ երկրի և ժողովրդի ապագայի վերաբերյալ նրա տեսլականն ու իղձերն իրականություն դառնան:
Իր հերթին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին բարեմաղթանքների համար: Պրն. Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է` հավատ ունենալով ժողովրդի, հայրենիքի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Նա նաև կարևորեց Եկեղեցու համախմբող դերակատարությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և տիար Արմեն Սարգսյանը խոսել են նաև զանազան ծրագրերի մասին։
Հաջողություններ և արդյունավետ ծառայություն մաղթելով ՀՀ նախագահին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարևորել է պատասխանատու բոլոր կառույցների միասնականությունը և համամտությունը մեր ժողովրդի ազգային շահերի շուրջ` այդ ոգու ամրապնդման գործում էական նկատելով ՀՀ նախագահի առաքելությունը:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արորղակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահն այցելել են Մայր Տաճար: