Հայաստանի մշակութային օրերը Մալթայում
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ Հայաստանի Մշակույթի նախարարության և Մալթայի Մշակույթի, արդարադատության և տեղական ինքնակառավարման նախարարության, Arts Council Malta և Valletta-2018 Foundation-ի աջակցությամբ, ապրիլի 18-30-ը կանցկացվի Հայաստանի մշակութային օրերը Մալթայում:
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մշակութային միջոցառումները կմեկնարկեն աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգով: Կհնչի Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը՝ Ղազախստանի Ժողովրդական արտիստուհի, Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի ռեկտոր, ջութակահարուհի Այման Մուսախոջաևայի մասնակցությամբ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը կղեկավարի դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը:
«Այս տարին Մալթայի և Հայաստանի համար յուրահատուկ է՝ հոբելյանական. լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և Մալթայում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը ևս մեկ իրադարձություն է, որը կարող է նպաստել դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի գլխավոր առավելություններից մեկը հնագույն մշակույթն է, և այս հանգամանքը պետք է օգտագործել, քանի որ հենց մշակույթն է լավագույն դիվանագիտությունը: Մշակույթն առաջ է անցնում ե՛ւ քաղաքականությունից, ե՛ւ տնտեսությունից, և եթե երկու երկրների միջև մշակութային կապերը զարգանան, մնացյալ բոլոր հարաբերությունները կզարգանան հավուր պատշաճի»,- նշում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:
Մալթայում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում տեղի կունենան հայտնի հայ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի համերգները՝ մալթացի երաժիշտների հետ միասին: Նրանք կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև հայտնի մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է նաև հայ ռեժիսորների՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի, Հայաստանի Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի և երիտասարդ ռեժիսոր Նարեկ Սաֆարյանի ֆիլմերի դիտում: Միջոցառումների շարքում են նաև հայ մեծ կոմպոզիտորներ Կոմիտասին և Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունները, ինչպես նաև «Խաչքարերը» և «Քարերի գաղտնիքը» ցուցահանդեսները:
«Մալթայի բնակիչներին շատ է հետաքրքրում Հայաստանը, նրանք սիրում են մշակույթ: Մալթան հնագույն երկիր է, և Հայաստանն իր հնագույն պատմությամբ և մշակույթով մեծ հետաքրքրություն և հարգանք է վայելում մալթացիների մոտ»,- նշել է հիմնադրամի նախագահ Իշխանովը:
Մալթայում Հայաստանի մշակութային օրերը կեզրափակվեն THE MAGIC CELLO խորագրով համերգով, որը տեղի կունենա Միջերկրածովյան կենտրոնի Republic Hall-ում: Հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Միջազգային XIV մրցանակաբաշխության I մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը՝ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը կղեկավարի Սախալինի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին