Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիայի մասնակիցների՝ Հանրային ռադիոյի շենք մտնելու փաստի վերաբերյալ հայտարարություն է տարածել ոստիկանությունը:
Հայատարարության մեջ ասված է.
«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:
Նշված շենք ներխուժումը կատարվել է օբյեկտում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով: Հավաքի մասնակիցները մուտք են գործել ընկերության սենյակներից մեկը՝ փակ վիճակում գտնվող դուռը կոտրելու եղանակով:
Ոստիկանության ծառայողը պահանջել է Ն. Փաշինյանից հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից, սակայն հավաքի կազմակերպիչը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին և չի ապահովել հավաքի բնականոն ընթացքը ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականության կատարումը: Ն. Փաշինյանը, պահելով շենքը, պահանջ է ներկայացրել տրամադրելու ուղիղ եթեր, որպիսի գործողությունը առերևույթ պարունակում է իրավախախտման հատկանիշներ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է առաջացնել ընդհուպ քրեական պատասխանատվություն:
Շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը, գտնվելով ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ունեցել է բոլոր հիմքերը ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում:
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպչին և հավաքի մասնակիցներին անհապաղ ազատել «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենքը, ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց»:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն արդեն դուրս են եկել շենքից: