Արցախում վերսկսվել են հնագիտական պեղումները
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում վերսկսվել են հնագիտական արշավախմբի պեղումները։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ` Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ ամռանը պեղումները կշարունակվեն նաև Տիգրանակերտում:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մինչ այդ արշավախումբն աշխատում է Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հայտնաբերված մարդակերպ կոթողների շրջակա տարածքում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Արցախի մարդակերպ կոթողները հետազոտողների ուշադրությունն առաջին անգամ գրավել են դեռ անցած դարի 60-ական թվականներին: Այսօր արդեն հայտնի է ավելի քանի 30 նմանատիպ կոթող: Դրանք ուղղանկյուն տափակ երկայնական սալեր են, որոնց մարդու կերպ է տրվել: Այս կոթողները սփռված են հատկապես Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում` Մարտակերտում, դրա շրջակայքում: Մարդակերպ կոթողները թվագրվում են մ.թ.ա. 8-6-րդ դարերով և ամենայն հավանականությամբ հանդիսանում են ռազմիկների կամ ռազմիկ-նախնիների գերեզմանակոթողներ, որոնք կանգնեցվել են դամբարանաբլուրների (կուրգանների) կամ հիմնահողային թաղումների վրա: Կոթողների շրջակայքում պեղումները սկսվել են 2016 թ․։
Արցախի հնագիտական արշավախումբը ղեկավարում է պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: Նոր Կարմիրավանում աշխատանքներն իրականացվում են հնագետ Նժդեհ Երանյանի գլխավորությամբ: Վերջինիս փոխանցմամբ Նոր Կարմիրավանում պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 1 հազարամյակով թվագրվող մարդակերպ քանդակները Արցախի այդ շարքի կոթողների լավագույն օրինակներն են։
Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր օրինակներ են։ Դրանք հավանաբար կանգնեցվել են կոլեկտիվի որևէ անդամի մահվան դեպքում: Խոսքը մարդու մասին է, ով սոցիալական բարձր խավի է պատկանել: Այդ հուշարձանների հետազոտությունը, նրանց հստակ ժամանակագրությունը և էթնոմշակութային պատկանելության խնդիրների քննությունը ոչ միայն գիտական նշանակություն ունեն, այլև մերժում են ադրբեջանական կեղծարարությունը:
Պեղումներից հայտնաբերված գտածոները ուսումասիրումից ու վերականգնումից հետ կհանձնվեն Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին, ապա` կցուցադրվեն Տիգրանակերտի և Տողի մելիքական ապարանքի թանգարաններում:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրանակերտի հետազոտությունը շատ նոր խնդիրներ առաջ քաշեց. Արշավախմբի ղեկավար
- Տիգրանակերտում այս տարվա պեղումներն ավարտվել են
- Տիգրանակերտում պեղումները վերսկսվել են
- «Արցախի Տիգրանակերտի աղյուսաշեն կառույցները» ներկայացվել են Լիոնում կայացած միջազգային կոնգրեսում