«Առաքելությունն իրականացված է»․ Դոնալդ Թրամփը գոհ է Սիրիայի հրթիռակոծության արդյունքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է այսօր առավոտյան ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիայում կառավարական մի շարք թիրախների ռմբակոծության արդյունքներից, որոնք ենթադրյալ քիմիական զենքի տեղակայման վայրերն են։
Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել՝ շարունակելով թվիթերյան դիվանագիտությունը։
«Կատարյալ ձևով իրականացված հարված նախորդ գիշերը։ Շնորհակալություն Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային՝ իրենց իմաստության և իրենց ռազմական զորության համար։ Ավելի լավ արդյունք չէր կարող լինել։ Առաքելությունն իրականացված է!»,-թվիթերում այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ Թրամփը հայտնել էր, որ այս հարվածները պատասխանն են Սիրիայի Դումա քաղաքում նախորդ շաբաթ կասկածվող քիմիական զենքի օգտագործմանը, որի արդյունքում զոհվեց 70 մարդ։ Պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, ինչպես նաև Հոմս քաղաքի մոտակայքում գտնվող երկու վայրերում, հայտնել էր Պենտագոնը։
Հաղորդվում է, որ հրթիռակոծումը տևել է մոտ 1 ժամ, որի ընթացքում արձակվել է 110 հրթիռ։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի այս հրթիռակոծությունը ողջունել է Թուրքիան, Գերմանիան, քննադատության արժանացրել Իրանն ու Ռուսաստանը։ Վրաստանը ևս աջակցություն է հայտնել ԱՄՆ-ին ու դաշնակիցներին՝ հրթիռակոծությունն անվանելով «պատշաճ ու անհրաժեշտ»։