Էմանուել Մակրոն․ Սիրիայի վարչակարգը հատեց Ֆրանսիայի կողմից հայտարարված կարմիր գիծը
Այսօր առավոտյան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ռմբակոծել են Սիրիայում գտնվող քիմիական զենքի ենթադրյալ տեղակայման վայրերը։
Այս կապակցությամբ այսօր հայտարարություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որում ասվում է, որ ապրիլի 7-ին Դումա քաղաքում տասնյակ տղամարդիկ, կանայք ու երեխաներ կոտորվեցին քիմիական զենքի օգտագործման արդյունքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի ու միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ։
«Կասկած չկա փաստերում, որ ողջ պատասխանատվությունը Սիրիայի վարչակարգի վրա է։ Ֆրանսիայի կողմից 2017թ․-ի մայիսին հայտարարված կարմիր գիծը հատվել է»,-ասել է Մակրոնը։
Մակրոնը նշում է, որ հրահանգել է Ֆրանսիայի զինված ուժերին, որպես միջազգային գործողության մաս՝ իրականացվող ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ դաշնակցությամբ, միջամտել ու հարվածներ հասցնել Սիրիայի ռեժիմի քիմիական զենքի արսենալին, որի նպատակն է թույլ չտալ քիմիական զենքի արտադրությունն ու կիրառումը։
«Մենք չեն կարող հանդուրժել քիմիական զենքի կիրառումը, որը անմիջական վտանգ է ներկայացնում սիրիացի ժողովրդի ու մեր կոլեկտիվ անվտանգությանը»,-ասել է Մակրոնը։
Նշվում է, որ Ֆրանսիան ու իր գործընկերները ՄԱԿ-ում կշարունակեն իրենց ջանքերը՝ ստեղծելու միջազգային մեխանիզմներ, որոնք կհաստատեն պատասխանատվություն, կկանխեն անպատժելիությունն ու կխոչընդոտեն Սիրիայի վարչակարգի կողմից այս գործողությունները կրկնելու գայթակղությունը։
«2017թ․-ի մայիսից ի վեր Ֆրանսիայի առաջնահերթությունները Սիրիայում շարունակական են եղել․ ավարտել «Դաեշ»-ի դեմ պայքարը, հնարավորություն ընձեռել մարդասիրական աջակցություն քաղաքացիական բնակչությանը և հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի խաղաղությունը վերադառնա Սիրիա ու ապահովվի տարածաշրջանի կայությունը։ Առաջիկա օրերին ու շաբաթներին ես կշարունակեմ վճռականությամբ հետապնդել այս առաջնահերթությունները»,-ասվում է Մակրոնի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան