Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, հրավիրված է մասնակցելու ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է Եվրոպայի 2018թ. մշակութային մայրաքաղաք, և միջոցառումների շրջանակներում մեծ շուքով ու պատկառելի ներկայացվածությամբ է անցկացվելու Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։
Փառատոնի բացման գալա համերգը կայանալու է ապրիլի 16-ին. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները։
Փառատոնն ընդգրկում է 18 համերգային ծրագիր։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային մեծության մենակատարներ՝ Մաքսիմ Վենգերով, Ռեյ Չեն, Նիկոլայ Լուգանսկի, Դենիս Կոժուխին, Սալվատորե Ակկարդո, Անդրեաս Օտենսամեր, Ջուլյա Զիլբերքվիթ, Նարեկ Հախնազարյան և այլք։ Հայաստանյան նվագախումբը հանդես կգա ինչպես Սերգեյ Սմբատյանի, այնպես էլ հայտնի դիրիժորներ Սերգեյ Ստադլերի, Դմիտրի Սիտկովեցկու, Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։
Փառատոնի հյուրերն են լինելու հայտնի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին։
Փառատոնը և Սիմֆոնիկ նվագախմբի համերգները կլուսաբանեն աշխարհի առաջատար մեդիաընկերություններ: Ապրիլի 22-23-ի համերգները կհեռարձակվեն «Medici.tv»-ով, իսկ մնացյալ ծրագրերը կցուցադրվեն Մալթայի հանրային հեռուստատեսությամբ: Մայիսի 1-ի համերգը կհեռարձակի Euronews-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան