«Աշխարհի հայտնի հայերը». երիտասարդ նկարչուհու ցուցահանդեսը
Երիտասարդ նկարչուհի Քրիստինա Օգանեզովան պատրաստվում է իր ցուցահանդեսին։ Ապրիլի 16-ից 21-ը Նարեկացի արվեստի միությունում կներկայացվի Օգանեզովայի՝ «Աշխարհի հայտնի հայերը» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ո՞ր հայտնիներն են պատկերված, ովքե՞ր հետագայում կհամալրեն այս շարքը, ապագա ծրագրերի և այլ հարցերի շուրջ է նկարչուհու հետ Panorama.am-ի զրույցը։
Օգանեզովան նշում է, որ նկարել է նրանց, ում շատ սիրում է և հարգում, նրանց, ում նաև անձամբ է ճանաչում։
«Աշխարհի հայտնի հայերի» շարքում մարդիկ են, ովքեր համաշխարհային համբավ ունեն՝ Շառլ Ազնավուր, Ջիվան Գասպարյան, Լևոն Մալխասյան, Արթուր Աբրահամ, Սերժ Թանկյան, Սերգեյ Փարաջանով, Ատոմ Էգոյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Արոնյան։
«Իրենք տարբեր են ի դեպ, երբ տեսնեք նկարները, կզգաք, Փարաջանովին ու Սերժ Թանկյանին այլ կերպ եմ նկարել, Ատոմ Էգոյանին՝ այլ, մյուսներին էլ՝ այլ կերպ»,- ասաց նա։ Հարցին՝ ե՞րբ է նկարն ավարտուն համարում, նա պատասխանեց. «Տարբեր են լինում դեպքերը, զգում ես՝ արժե՞ ինչ-որ բան ավելացնել, առաջ գնալ կամ շարունակել, թե՞ այսպես լավ է»։
Նկարչուհին աշխատում է ակրիլ ներկերով՝ կտավի վրա։ Ասում է՝ ակրիլով իր համար ավելի հեշտ է աշխատելը, որովհետև այն արագ է չորանում։ Նա նկարում է այն ժամանակ, երբ ցանկություն ունի, երբեք պարտադրված չի աշխատում։ Նկարելիս հանգստանում է, կտրվում առօրյայից, այդ պահին մտքերը միայն նկարի հետ են կապված՝ որ վրձինը վերցնի, որ ներկը խառնի, ինչպես ներկի, ստվերն ինչպես պատկերի։ Մի նկարի վրա աշխատանքը կարող է մինչև անգամ երկու-երեք ամիս տևել։
Թեմայով և ժանրով՝ այս ցուցահանդեսը նկարչուհու կյանքում առաջինն է։ Օգանեզովան նոր է անցել դիմանկարի ժանրին։ Մարդկային դեմքեր պատկերելն, ըստ նրա, մի փոքր վախեցնող է, հատկապես՝ երբ հայտնի հայերին է նկարում։ Հետագայում նա նախատեսում է ցուցահանդես կազմակերպել նաև Մոսկվայում։
Նկարչուհուն առաջարկել են վաճառել իր աշխատանքներից, սակայն նա հրաժարվել է՝ նախ ասելով, որ պատրաստվում է ցուցահանդեսի, բացի այդ՝ դեռ չի ցանկանում վաճառել, հակառակը՝ նկարների թիվը պետք է ավելանա, այս շարքին նոր հայտնիներ պիտի ավելանան և ավելի մեծ ցուցահանդես ունենա։ Իսկ օրինակ Շառլ Ազնավուրի նկարը նա ցանկանում է անձամբ նվիրել իրեն՝ շանսոնյեին։
Այս պահին Օգանեզովայի սեղանին Արտո Թունջբոյաջյանի անավարտ նկարն է, իսկ ապագայում նա կցանկանար նկարել մեր մեծերից Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին, Ֆրունզիկին, Սոս Սարգսյանին և այլոց։
Հարցին՝ պատահականությու՞ն է, որ հայ հայտնիների շարքում կանայք չկան, նա պատասխանեց, որ կա նաև Քիմ Քարդաշյանի նկարը, բայց այն դեռ պատրաստ չէ։
Նկարները՝ Օգանեզովայի ֆեյսբուքյան էջից։